Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն, որպեսզի թույլ տա մեկ այլ ցեղասպանության շարունակություն. Newsweek
Международные новостиԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է միայն այն պատճառով, որպեսզի թույլ տա մեկ այլ ցեղասպանության շարունակությունը: Նման կարծիք է հայտնել հասարակայնության հետ կապերի հարցով մասնագետ Ստեֆան Պեչդիմալջին, որի հոդվածը հրապարակվել է ամերիկյան Newsweek ամսագրում, փոխանցում է News.am-ը:
«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ նախագահ Բայդենը կատարել է ավելի քան 1.5 մլն հայերի, ասորիների ու հույների զանգվածային կոտորածների համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու իր նախընտրական խոստումը: Մինչ ամերիկահայերը ողջունում էին այդ պատմական եւ վաղուց հասունացած հայտարարոթյունը, նրա մտադրությունների ոգին երկար չտեւեց, քանի որ մինչ թանաքը կչորանար, նախագահ Բայդենը որոշում էր կայացրել, որը լայնամասշտաբ հետեւանքներ է ունեցել եւ հայերի կյանքեր արժեցել: Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մի քանի օր անց նա հրաժարվել էր 907 բանաձեւից (Ազատության աջակցման ակտ), որով արգելվում էր արտասահմանյան օգնությունն Ադրբեջանին, ինչն էլ նախորդել էր տեղի ունեցած իրադարձություններին: Բազմաթիվ առումներով Բայդենը Ցեղասպանությունը ճանաչել է միայն նրա համար, որ թույլ տա մեկ այլ ցեղասպանության շարունակությունը»,- ասվում է հոդվածում:
Հոդվածագրի խոսքով՝ իրապես հասկանալու համար, թե ինչու են ամերիկահայերը վիրավորված նախագահ Բայդենից՝ չնայած նրա պատմական հայտարարությանը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում տիրող անհավասարությանը:
Ամերիկահայերի համար 2020 թ. Ղարաբաղյան պատերազմը վառ հիշեցում է դարձել Ցեղասպանության եւ այն բանի մասին, թե ինչպես է աշխարհը շարունակում աչք փակել հայերի տառապանքներին: Թուրքիայի օգնությամբ՝ Ադրբեջանն իր անարդար պատերազմն էր սկսել՝ փորձելով բնաջնջել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին:
Խախտելով սովորական սպառազինման բոլոր կանոնները՝ Ադրբեջանը բալիստիկ հրթիռներով եւ միջազգային հանրության կողմից արգելված կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի բնակավայրերն ու ծննդատունը»,- ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը քաղաքացիական բնակչության գտնվելու շրջանում նաեւ զանգվածային ոչնչացման զենք է կիրառել, որը թունավոր նյութեր է պարունակում, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: