«Խաբեությամբ իշխանությունը զավթած խումբը չի ներկայացնում ՀՀ և ԱՀ շահերը». «Փաստ»
Интервью
«Փաստ» օրաթերթը գրում է
Այսօր, առավել քան երբևէ, տեսնում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում, այսպես կոչված, «Նոր Հայաստանը», ինչի մասին դեռ 2018-ին ազդարարել էր խաբեությամբ իշխանությունը զավթած խումբը: Խորքային առումով այսօր փորձ է արվում ջնջել ոչ միայն հայկական ինքնության, այլ պարզապես համամարդկային արժեքները: Մենք այսօր ունենք անպատժելիության այնպիսի մթնոլորտ, որտեղ անչափահաս աղջիկը դանակով ու հայհոյելով կարող է հարձակվել զոհված զինծառայողի մոր վրա:
«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ իշխանությունն այսօր օգտվում է նշված մթնոլորտից: «Այս իշխանությունն իր համար «ծանր վիրավորանքի» հոդված է ստեղծել, որը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից: Իշխանությունը, սակայն, բացարձակապես անտարբերությամբ ու արհամարհանքով է վերաբերվում այն բոլոր հայտարարություններին, համաձայն որոնց, հոդվածը ոտնահարում, ջնջում է խոսքի ազատությունը, նաև մարդու իրավունքներին վերաբերող բոլոր սկզբունքները: Ու թեպետ արհամարհում է, բայց մյուս կողմից՝ Արցախի հարցով «անոնիմ» ձևով հղում է անում նույն միջազգային հանրության վրա»,-ասաց Լ. Ալավերդյանը՝ շեշտելով, որ այսօր մենք իրականում ավելի մեծ մարտահրավեր ունենք, որից և բխում է երկրում ստեղծված վերոնշյալ մթնոլորտը:
«Այս իշխանությունները կատարում են ամենապղտոր կենտրոնների պատվերը: Այդ պատվերները բխում են նաև հենց իրենց համոզմունքներից. այն է՝ Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ: Իշխանությունները շարունակելու են իրենց անփառունակ գործողությունները, որով փորձելու են կանխել հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչների գործունեությունը: Դա արվելու է ավելի ակտիվ ու ավելի անթաքույց ձևով: Իշխանություններն անգամ չեն քողարկելու մարդու իրավունքներին դեմ իրենց գործողությունները: Որևէ պատճառաբանություն չներկայացնելով՝ պարզապես իրականացնելու են ռեպրեսիաներ այն անձանց նկատմամբ, որոնք համաձայն չեն այս ավելի քան քայքայիչ քաղաքականության հետ: Մոտ ժամանակներում ավելի քայքայիչ, ավելի բացահայտ ռեպրեսիաներ են սպասվում»,ասաց մեր զրուցակիցը:
Իսկ ելքը, ըստ նրա, կախված է այս ամենի դեմ պայքարողների գործողություններից. «Այսինքն, այն դրական ուժերը, որոնք հստակ վտանգներ են տեսնում այս քաղաքական խմբի կողմից, կկարողանա՞ն վերին աստիճանի հետևողական ու արդյունավետ գործել: Ես այդ հույսն անձամբ ունեմ: Հատկապես 44-օրյա պատերազմի մասնակիցների հացադուլից հետո ես մեծ հույս ունեմ, որ մեր երիտասարդներն իրենք իրենց համար հստակեցրել են, որ խոսքը ոչ թե պարզապես ինչ-որ վերացական պետության, պետականության, այլ հենց իրենց ապագայի մասին է, որի համար իրենց ընկերները զոհվել են, ու որի համար իրենք անվախ պայքարել են: Այս իշխանությունները փորձելու են հնարավորինս արագացնել իրենց գործողությունների ու քայլերի տեմպը, որովհետև հասկանում են, որ ոչ միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում, այլև Սփյուռքում հայ ազգը դեմ է ադրբեջանաթուրքական տանդեմին հանձնվելու իրենց գործողություններին»:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իշխանությունները փորձելու են օգտվել մի շարք երկրների կրավորական պահվածքից, որոնք ողջունում են այն «խաղաղության» ու «խաղաղության պայմանագրի» շուրջ գործընթացները: «Մինչդեռ այդ գործողությունները տեղի են ունենում ընթացող ցեղասպանական գործողություններին զուգահեռ: Չավուշօղլուի՝ «գորշ գայլերի» հայտնի ժեստը, որն ուղղված էր հայերին, վկայում է, որ թուրքական վերնախավը նույնն է, ոչինչ չի փոխվել՝ նրանք շարունակում են դուրս մնալ քաղաքակրթությունից: Հաշվի առնելով այս վտանգները՝ ժամ առաջ ամենատարբեր ձևերով պետք է կազմել փաստաթղթեր, նյութեր, նամակներ այն մասին, որտեղ ստորագրահավաքով կհաստատվի հայ ժողովրդի դիրքորոշումը, այն է՝ խաբեությամբ իշխանությունը զավթած խումբը չի ներկայացնում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հայության շահերն ու կարծիքը: Պետք է ընդգծվի նաև, որ այդ իշխանությունը զավթած խումբը իր գործունեությամբ հակասում է համաշխարհային, ինչպես նաև քաղաքակիրթ մարդկության նորմերին ու սկզբունքներին, որոնք շարադրված են ՄԱԿ-ի ու միջազգային և այլ փաստաթղթերի մեջ և ամրագրված մարդու իրավունքների միջազգային պայմանագրերով»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, վերոնշյալ դիրքորոշումը փաստաթղթավորված պետք է հասցնել բոլոր միջպետական և միջազգային բոլոր կազմակերպություններին. «Այդպիսով հնարավոր կլինի կամ առնվազն հող կնախապատրաստվի, որ հետագայում ոռոչինչ համարվեն Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելու հնարավոր գործընթացները: Մենք հենց հիմա պետք է ստեղծենք այդ հիմքերը: Միայն այդպես կարելի է արդյունավետ պայքարել այս իշխանության կողմից արագացված կերպով տարվող գործընթացների դեմ: Համայն հայությունը պետք է հաստակեցնի իր դիրքորոշումը՝ իր անվստահությունը հայտնելով այս իշխանություններին: Ես գիտեմ մարդկանց, ովքեր այսօր մեղքի զգացում ունեն այն առումով, որ ընտրել են այս իշխանություններին նաև նախորդ տարի: Ինքնապատժման փոխարեն պետք է հստակեցնել, որ չեն քվեարկել այն գործողությունների համար, որոնք այսօր ընթանում են: Նրանց ընտրողները ևս այս իշխանությունների այսօրվա գործողությունները մերժելու բոլոր իրավական հիմքերն ունեն. պետք է հստակեցնել, որ ոչ մի մանդատ ու քվե չեն տվել այն քաղաքականության ու այն քայլերի համար, որոնք ձեռնարկվում են»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում