«Ազովստալում» ավելի քան 600 վիրավոր կա
Международные новостиՈւկրաինայի Զինված ուժերի 36-րդ ծովային բրիգադի հրամանատարի պաշտոնակատար Սերխի Վոլինսկին կոչ է արել Մարիուպոլում արգելափակված ուկրաինացի պաշտպանների և քաղաքացիական անձանց նկատմամբ տարհանման ընթացակարգը կիրառել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դունկերկի գործողության օրինակով, հայտնում է UNIAN-ը։
Վոլինսկին հիշեցրել է, որ 1940 թվականին տարհանման գործողության ընթացքում փրկվել է ավելի քան 300 հազար մարդ՝ բրիտանացի, ֆրանսիացի և բելգիացի զինվորներ, որոնք շրջապատված էին գերմանական զորքերով։
«Այսօր իմ հիմնական ուղերձն է՝ փրկել Մարիուպոլի կայազորը։ Այնտեղ մարդիկ ուղղակի կմահանան։ Վիրավորները կմահանան, իսկ ողջերը մարտում կզոհվեն։ Քաղաքացիները մահանում են այստեղ մեզ հետ՝ բունկերում, բարձրահարկ շենքերում, որտեղ նրանց ուղղակի գնդակահարում են... Քաղաքը գործնականում ջնջված է երկրի երեսից»,- ընդգծել է Վոլինսկին։
Նրա խոսքով, այժմ Ազովստալի տարածքում ավելի քան 600 վիրավոր կա, և նրանք բժշկական օգնության խիստ կարիք ունեն։
«Այստեղ դեռ խաղաղ բնակիչներ կան։ Նրանք այստեղ հարյուրավոր են։ Այստեղ տասնյակ երեխաներ կան, հաշմանդամները շատ են, ծերերը շատ են։ Իրավիճակը շատ ծանր է: Ջրի, սննդի, տարբեր պաշարների հետ կապված հսկայական խնդիրներ կան, էլ չեմ խոսում զինամթերքի ու զենքի մասին... Ես դիմեցի աշխարհի բոլոր առաջնորդներին, դիմեցի դիվանագետներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, գոռացի ինչքան կարող էի, որ մեզ լսեն»,- ասել է նա՝ հավելելով, որ իսկապես օգնության հույս ունի։