Կրեմլին դեմ արտահայտվելուց հետո Տինկովին ստիպել են «գրոշների դիմաց» վաճառել բանկում իր մասնաբաժինը
ЭкономикаՌուսական «Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը The New York Times-ին (NYT) տված հարցազրույցում ասել է, որ իրեն ստիպել են բանկում իր մասնաբաժինը վաճառել «գրոշների դիմաց»։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության վերաբերյալ իր հրապարակային քննադատությունից հետո։
Մայիսի 1-ին Տինկովը հեռախոսով հարցազրույց է տվել NYT-ին՝ հրաժարվելով հայտնել իր գտնվելու վայրը։ Ապրիլի 19-ին նա հրապարակել էր գրառում, որտեղ նշում էր, որ ռուսաստանցիների 90%-ը չի աջակցում ռազմական գործողությանը։ Ապրիլի 20-ին, ըստ գործարարի, Կրեմլի ներկայացուցիչները կապվել են «Տինկոֆ Բանկ»-ի ղեկավարության հետ և սպառնացել պետականացնել այն, եթե բանկը «չխզի կապերը» Տինկովի հետ։ Ապրիլի 22-ին «Տինկոֆ»-ը հայտարարել է ռեբրենդինգի մասին։
Օլեգ Տինկովն ասել է, որ բանկում իր մասնաբաժինը «հուսահատությունից դրդված» է վաճառել։ Նա չի հրապարակել գործարքի արժեքը, սակայն մանրամասնել է, որ ստացել է բաժնետոմսի իրական արժեքի 3%-ը։
«Ես չէի կարող սակարկել գինը: Դու նման ես պատանդի՝ վերցնում ես այն, ինչ քեզ առաջարկվում է: Չէի կարող սակարկել»,- ասել է գործարարը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր բաժնեմասը գնած Վլադիմիր Պոտանինին, որը «թույլ է տվել իրեն գոնե որոշ գումար ստանալ» բանկի վաճառքից։
Տինկովն ասել է, որ ռուսաստանցի շատ գործարարներ և «էլիտայի» ներկայացուցիչներ մասնավոր կերպով իրեն ասել են, որ համաձայն են Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման հետ, բայց «բոլորը վախենում են» արտահայտել այդ տեսակետը։ Նա ասել է նաև, որ թիկնապահներ է վարձել այն բանից հետո, երբ իր ընկերները, «որոնք կապեր ունեն ռուսական հատուկ ծառայություններում», գործարարին ասել են, որ «պետք է վախենա իր կյանքի համար»։