Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպման մասին
Международные новостиՀայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց նախապայմանների։ Վիեննայում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ դեսպան Սերդար Քըլըչի եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը։
«Հատուկ ներկայացուցիչները հաստատեցին այս գործընթացի միջոցով երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու հայտարարված նպատակը։ Այս համատեքստում նրանք ունեցան կոնկրետ մտքերի անկեղծ եւ արդյունավետ փոխանակում եւ քննարկեցին հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց գրանցելու համար։
Նրանք հաստատեցին գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։