«Ձնագնդի էֆեկտն» ու խանգարողները. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին շարունակվում են ընդդիմության ակցիաները, որոնք, բացի հանրահավաքային պայքարից, ցանցային կամ ապակենտրոն գործողությունների լայն շրջանակ են իրենց մեջ պարունակում։ Իսկ ապակենտրոն պայքարի «նրբությունը» նաև այն է, որ ընդդիմության պայքարը ոչ թե մեկ քաղաքական ուժ է ղեկավարում, այլ դրան միաժամանակ մասնակցում են մի քանի քաղաքական միավորներ։ Իսկ այդ քաղաքական ուժերը, որոնցից շատերը նաև երկարատև պայքարի փորձ ունեն, միավորելով ջանքերը՝ առավելություն են ստանում միաժամանակ տարբեր վայրերում գործողությունների իրականացման տրամաբանության շրջանակներում։
Մյուս կողմից էլ՝ ընդդիմության ակցիաները ցույց են տալիս, որ հանրության մեծամասնությունը դեմ է իշխանություններին։ Չնայած, առայժմ այդ մարդկանց մի մասն է դուրս գալիս փողոց, բայց փաստը մնում է փաստ, որ ակցիաների մասնակիցների թիվն օրեցօր ավելանում է։ Ավելին, սպասվում է, որ առաջիկայում ակցիաների մասնակիցների թիվը դեռ շատ է ավելանալու, քանի որ հանրությունը հստակ տեսնում է, որ ընդդիմությունը անիմաստ ժամանակ վատնելով չի զբաղված և կոնկրետ իշխանափոխության հասնելու ու երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով առարկայական քայլեր է ձեռնարկում։
Ընդհանուր առմամբ ընդդիմության սկսած շարժումն ու ցանցային գործողություններն աշխատում են «ձնագնդի էֆեկտով», քանզի յուրաքանչյուր նոր գործողություն ենթադրում է ոգևորության նոր ալիքի և հայրենիքի ապագայով մտահոգ մարդկանց նոր շարքերի մասնակցություն: Սակայն հետաքրքրական է, որ ընդդիմադիր շարժմանը զուգահեռ դաշտում ակտիվացել են նաև որոշակի քաղաքական միավորներ և անհատներ, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Այդ ուժերի մի մասն իր առաջ խնդիր է դրել մրոտել, ցեխ շպրտել և ստվեր նետել ընդդիմության սկսած շարժման և գործողությունների վրա։ Բնականաբար, սրանք այն իշխանամերձ շրջանակներն են, որոնց համար առաջնայինը Նիկոլին հաճոյանալն ու իրենց «փայը» ամուր պահելն է, իսկ հայրենիքի հարցը կարևոր չէ։ Սրանք այն «միավորներն» են, որոնք գործող իշխանությունների կողմից հատուկ առաքելությամբ են հանդես գալիս, իսկ մյուս կողմից՝ հասկանում են՝ իշխանափոխությունից հետո հայտնվելու են լուսանցքում։ Լավագույն դեպքում:
Շատ ավելի տարօրինակ է երկրորդ «բլոկի» պահվածքը. այս օրերին ներքաղաքական արենայում նկատվում են նաև այնպիսի քաղաքական միավորներ կամ անհատներ, որոնք փորձում են ընդդիմության շարժումից առանձին ինչ-որ քայլեր և գործողություններ իրականացնել։ Իհարկե, դատապարտելի չէ, որ որևէ քաղաքական ուժ, միավոր կամ անհատ իշխանությունների դեմ պայքարի իր գործողություններն է անում։ Սակայն խնդրի մյուս կողմն այն է, թե ինչու այդ գործողությունները չեն ձեռնարկվել, օրինակ՝ մինչև մայիսի 1-ը, երբ ընդդիմությունն սկսեց իր լայնամասշտաբ շարժումը։ Ինչո՞ւ հիմա, երբ հականիկոլական կոնսոլիդացիան առաջնային նշանակություն է ստանում, քանի որ դա փաստացի փրկության կոնսոլիդացիա է:
Այս պարագայում, երբ պայքարի շրջանակներում մի քանի ընդդիմադիր ուժեր արդեն միավորել են իրենց ջանքերը և ընդհանուր գաղափարախոսության շուրջ են առաջ ընթանում, ցանկացած առանձին ինքնադրսևորում ինքնըստինքյան նշանակում է խանգարել հենց այս շարժմանը, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է օգնել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, չենք բացառում, նույնիսկ վստահ ենք, որ այս առանձին անհատներից կամ ուժերից շատերը երկրում իրավիճակ փոխելու հետ կապված ազնիվ մտադրություններ ունեն, իրենք էլ շատ ազնիվ են, մի խոսքով՝ շատ լավն են, բայց այսօր համազգային համախմբման գործընթացին խանգարելը կարող է զրոյացնել այդ բոլոր լավ կողմերը։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում