Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվեց Տիգրան Մանսուրյանի պատվին
Культура«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին։
Մաեստրոն նույնպես ներկա էր միջոցառմանը՝ այն դարձնելով առավել ջերմ ու հիշարժան։ Անվանական ցուցանակի բացմանը հաջորդեց դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի ողջույնի խոսքը, որից հետո դպրոցի աշակերտները ներկայացրին մաեստրո Մանսուրյանի հարուստ կենսագրությունն ու անցած բեղմնավոր ճանապարհը։
Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկան համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ու «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, որին հաջորդեց մաեստրոյի ջերմ ու հուզիչ խոսքը։ Միջոցառումը շարունակվեց դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։
«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը նշեց. «Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված եւ արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը»։
Միջոցառման ավարտին «Կողբ» հիմանդրամը մի շարք դրամաշնորհներ եւ կրթաթոշակներ հանձնեց Կողբի հանրակրթական և երաժշտական դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին 2022 թվականի 1-ին եռամսյակում արձանագրած հաջողությունների եւ ձեռքբերումների համար։
Անվանակոչության արարողությունը եզրափակվեց «Կողբ» հիմնադրամի կողմից Տիգրան Մանսուրյանի անվան ամենամյա երաժշտական մրցանակի սահմանման մասին հայտարարությամբ։ Մրցույթի պայմանները շուտով կհրապարակվեն հիմնադրամի կողմից։ Հավելենք, որ «Կողբ» հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին:
Հիմնադրամի առաքելությունը կրթամշակութային նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի մարզերում կյանքի որակի բարելավումն է, իսկ տեսլականը՝ այնպիսի Հայաստանը, որտեղ բարեգործական հիմնադրամներն անելիք չունեն: