Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանը օրերս հանդես էր եկել նախագահին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծը արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Ինչպես հիշում ենք պատգամավոր Փաշինյանը հույս էր հայտել, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն քվեարկությանը և նախագիծը կկարողանա հավաքել անհրաշեշտ 44 ձայները:
Ինչևէ, Ազգային Ժողովում Փաշինյանի նախագծի տապալվելուց հետո, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այսպես է ներկայացրել Եռյակի` նախագծին դեմ քվեարկելու դրդապատճառները. «Վիճակը իրատեսականորեն հետևյալն է. նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկքայլանոց գործողություն, և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»:
Եռյակը անիրատեսական է համարում նախագիծը, քանի որ այն չի կարողանալու հավաքել անհրաժեշտ թվով ձայներ:
Իմպիչմենթի գործընթացի տապալումից մեկ օր անց, ոչ իշխանականները երեկ Ազգային Ժողովին ներկայացրեցին բոլորովին նոր «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» մասին նախագիծ: Այնուամենայնիվ չհավաքելով բավարար թվով ձայներ նախագիծը չընդունվեց:
Այստեղ հարց է առաջանում, եթե Եռյակը անիրատեսական է համարում իմպիչմենթի նախագիծը, քանի որ չի կարողանալու հավաքել բավարար թվով ձայներ, ապա մեկ օր անց ինչ ակնկալիքով էր դիմում Ազգային Ժողով` «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» նախագիծը ընդունելու: Հաշվի առնելով, որ մեկ օրում ընդիամդիր պատգամավորների թիվը խորհրդարանում չի ավելացել` կարելի է եզրակացություն անել. Եռյակը պարզապես քաջություն չունեցավ բաց տեքստով հանդես գալ նախագահի դեմ: