Շենգավիթում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է
ОбществоՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2019 թվականին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևանի երկու բնակիչներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2019թ. օգոստոսի 25-ին իրենց կողմնակիցներով հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրում՝ մինչ այդ տեղի ունեցած միջադեպի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով:
Երևանի 45-ամյա բնակիչը, հանդիսանալով պայմանավորվածության ձեռք բերած հիշյալ տղամարդկանցից մեկի մտերիմը և նախապես տեղյակ լինելով հանդիպման մասին, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերված հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակ, գնացել է վերոհիշյալ ռեստորանային համալիր: Կողմերի միջև հանդիպումը վերածվել է վիճաբանության և ծեծկռտուքի, որը շարունակվել է համալիրից դուրս՝ Ե.Թադևոսյան փողոցի բանուկ հատվածում: Վիճաբանության մասնակիցները և 45-ամյա տղամարդը, իրենց մոտ եղած հրազենների գործադրմամբ՝ կրակոցներ արձակելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք դրսևորելով փողոցում գտնվող անձանց նկատմամբ:
Այդ ընթացքում 45-ամյա տղամարդը, շարունակելով խուլիգանական գործողությունները, արհամարհական վերաբերմունք դրսևորելով փողոցում և ռեստորանում հավաքված այլ անձանց նկատմամբ, ապօրինի ձեռք բերված վերոնշյալ ատրճանակից կրակոցներ է արձակել մասնակիցներից մեկի և վերջինիս որդու ուղղությամբ, նրանցից մեկին պատճառելով միջին ծանրության, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որից հետո տղամարդը դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 45-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: