«Պիգմալիոն»-ը Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի բեմում
КультураԵրեկ Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում դահլիճը լեփ լեցուն էր: 9-րդ դասարանի աշակերտները բեմադրել էին Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկի՝ «Պիգմալիոն»-ի հիման վրա «Իմ չքնաղ լեդի» ներկայացումը:
Բեմադրությունն անգլերեն լեզվով էր: Բեմադրության կազմակերպիչը՝ անգլերենի ուսուցչուհի Ջեմմա Մարտիրոսյանը, բեմադրել էր նաեւ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը», «Փարիզի Աստվածամոր տաճարը» եւ այլ ներկայացումներ: Ուրախ էր, որ աշակերտները չնայած դժվարություններին, սիրով մասնակցում են: Ասում էր, որ ներկայացումները հնարավորություն են ընձեռում կատարելագործել անգլերենի իմացությունը, ծանոթանալ գեղարվեստական գործերին ու երեխաների մեջ զարգացնել մշակույթը:
Գլխավոր դերում 9 «ա» դասարանի աշակերտուհի Վալենտինա Գրիգորյանն էր, որն ասում էր, որ գլխավոր հերոսուհու՝ ծաղկավաճառ աղջկա կերպարն իրեն դուր է եկել եւ նրա հետ ընդհանրություններ ունի: Վալենտինան ասաց, որ բեմում խաղալն իր ու դասընկերների համար հնարավորություն էր բնավորությունը ցույց տալու, ավելի մտերմանալու ու երբեմնի երազանքներն իրականացնելու:
Դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանի խոսքով, չկա մի թատերական հարթակ, որտեղ «Պիգմալիոնը» չդրվի. «Այս պիեսը բեմադրվելու օրվանից հուզել եւ ոգեշնչել է հանդիսատեսին: Որախ եմ եւ հպարտ մեր մեծ ընտանիքի եւս մեկ ձեռքբերումով եւ վստահ եմ, որ այսուհետ էլ մեր դպրոցական նավը տանելու ենք դեպի նոր բարձունքներ, նոր հաջողություններ եւ հաղթանակներ: Ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ողջ կոլեկտիվին, ծնողներին եւ մեր անկրկնելի աշակերտներին»: