Արտառոց դեպք Ստեփանավանում. «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերվել է հագուստ, որի մեջ եղել են մարդու ոսկորներ
ОбществоSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավագ քննիչ Բասմաջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Ստեփանավան քաղաքի «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերված դիակի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հայտնել է իր վերադասին, որ անհայտ քաղաքացուց տեղեկություններ են ստացվել, որ նշված գերեզմանատանը դիակ կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ստեփանավանի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են հագուստ, որի մեջ առկա են եղել ոսկորներ: Տեղում զննելով այն, դատաբժիշկը հայտնել է, որ հայտնաբերված ոսկորները արտաքինից պատկանում են նախկինում հուղարկավորված մարդու: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար: