«Խիստ անկայուն տնտեսական աճ ունենք, իսկ գնաճի առումով դեռ ավելի բացասական սպասումներ կան». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում 9,6 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, որն «աննախադեպության» սինդրոմով իշխանությունների կողմից մեծ ձեռքբերում է ներկայացվում:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը դրական է համարում ցուցանիշը:
«Միևնույն ժամանակ, մեծ հաշվով այն որևէ կապ չունի այս իշխանության, այս կառավարության գործողությունների հետ: Մենք այսօր ունենք ֆորսմաժորային իրավիճակ՝ ի դեմս Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների, ինչի հետևանքով մեր երկիր օտարերկրացիների բավականին մեծ ներհոսք նկատվեց: Այս հանգամանքը մեր տնտեսության համար դրական է մի շարք ուղղություններով՝ հատկապես մեր ՀՆԱ-ի մեջ ահռելի նշանակություն ունեցող ծառայությունների ոլորտի մասով:
Այս ցուցանիշն ածանցյալ դրական էֆեկտ ունի բնակչության համար: Խոսքը հատկապես առևտրով զբաղվողների մասին է: Բայց, ընդհանուր առմամբ, ունենք իրավիճակ, երբ մեր տնտեսությունը սեփական ռեսուրսով չի գեներացնում այն ամենը, ինչն այսօր կա: Այսինքն, սա խիստ անկայուն տնտեսական աճ է, քանի որ որևէ կերպ մենք որոշակիություն չունենք առ այն, որ այդ օտարերկրացիների հոսքերը կառավարելի են: Վստահ չենք նաև, որ ինչ-որ պահից սկսած, որևէ այլ գործոններից ելնելով՝ այդ ներհոսքը չի դառնա արտահոսք: Այս առումով, մեծ հաշվով, որոշակիության խնդիր կա: Թե՛ տնտեսությունը, թե՛ բիզնեսը շատ զգայուն են անորոշությունների նկատմամբ: Այդ անորոշությունը հաղորդվում է տնտեսությանը, ինչի պատճառով երկարաժամկետ պլանավորման տեսանկյունից տեղական բիզնեսը, արտադրողը, ծառայություն մատուցողը շատ ավելի զուսպ են»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց փորձագետը:
Բնակչության վրա վերոնշյալ աճի ազդեցության տեսանկյունից Լ. Ամիրխանյանը մեկ այլ խնդրի մասին մատնանշեց. «Խոսքը հարակից բացասական գործընթացների՝ մասնավորապես գնաճի մասին է, որն ուղղակի թույլ չի տալիս զգալ այդ փոքր էֆեկտը: Գնաճն ահագնացող է: Գրեթե ամեն օրվա կտրվածքով յուրաքանչյուրս մեր առօրյայում նկատում ենք նոր թանկացումներ, որի հետ կապված կանխատեսումներն այս պահին ևս բավականին բացասական են: Անգամ ՀՀ ԿԲ-ի կողմից վերջերս եղավ կանխատեսում, որ պարենի ու դիզվառելիքի հետ կապված նոր գնաճ է սպասվում: Համաշխարհային շուկայում պարենի ու, ընդհանրապես, լոգիստիկ շղթաների վերաբերյալ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների գնահատականները ևս դրական չեն: Լինելով առավելապես ներկրող և արտաքին շուկաներից մեծ կախվածության մեջ գտնվող երկիր՝ Հայաստանն այդ ամենն ուղիղ ազդեցությամբ է զգալու: Այս ամենին գումարենք ներքին գործընթացները՝ սակագների բարձրացում, անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, արհեստական գնաճի դրսևորումներ, որոնց դեմ պայքարն այդպես էլ նոր տրամաբանության մեջ չմտավ: Հաշվի առնելով այս ամենը՝ ցավոք, բայց պետք է փաստենք, որ գնաճի առումով դեռ ավելի բացասական սպասումներ կան: Զուգահեռ մարդկանց եկամուտները, մեծ հաշվով, չեն ավելանում, ինչի հետևանքով գնաճի հետ կապված խնդիրն ուղղակիորեն որևէ կերպ թույլ չի տալիս, որ վիճակագրորեն երևացող տնտեսական աճը զգա նաև շարքային քաղաքացին»:
Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք կառավարության՝ վերջերս ընդունած որոշմանը, ըստ որի, հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար (վերադարձվող գումարի չափը չի կարող գերազանցել 5 000 դրամը)։
Լ. Ամիրխանյանը որոշումը մի քանի ուղղություններով դիտարկեց: Նա շեշտեց անգամ սոցիալական անհավասարության դրսևորումների հնարավորության մասին: «Բացի այդ, մենք այսօր ունենք գնաճային ճնշումներ: Այս տեսանկյունից, որևէ կերպ չնսեմացնելով 5000 դրամի նշանակությունը մեր շատ ընտանիքների համար, հարց է, թե այս պարագայում այդ բարձրագոչ 10 տոկոսը, որն իրականում առավելագույնը 5000 դրամ է, ի՞նչ սոցիալական խնդիր է լուծելու: Բացի այդ, քիչ չեն այսօր կենսաթոշակառուները, որոնք թոշակներն անգամ բանկային քարտով չեն ստանում: Քիչ չեն նաև այնպիսիք, որոնց դեպքում քարտի բացակայությունն օբյեկտիվ պատճառ ունի՝ բնակավայրում պարզապես բանկոմատ չկա: Այս դեպքում բանկային հաշվով ի՞նչ թոշակ ստանալու, առավել ևս ի՞նչ անկանխիկ գնումներ անելու մասին է խոսքը: Այսինքն, դժվար է պատկերացնել, որ միջնաժամկետ հատվածում տեխնիկական հագեցվածության վերոնշյալ խնդիրները կարող են լուծվել: Դա անիրատեսական է: Մեծ հաշվով, եթե ոչ վերջնաժամկետում, ապա միջնաժամկետում թոշակառուների մի զգալի մաս պարզապես դուրս է մնում այս ծրագրից: Իհարկե, ինչպես նշեցի, հարց է, թե այս որոշումը որքանով սոցիալական էֆեկտ կունենա, բայց եթե ենթադրենք, որ այդ էֆեկտը կա, ապա այն չի տարածվելու վերոնշյալ մարդկանց վրա»,- նկատեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ծրագիրը նաև բովանդակային բազմաթիվ խնդիրներ ունի:
«Ծրագրի հետ կապված շատ հարցեր դեռ շարունակում են պարզ չլինել: Օրինակ՝ հայտարարվեց, որ կան բանկեր, որոնք համագործակցում են ծրագրի շրջանակում: Բանկերի ցանկը դեռ պետք է հրապարակվի, բայց մինչ այդ իրականում հարց է առաջանում, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ բանկերը: Կառավարությո՞ւնն է ընտրել: Եթե այո, ապա ի՞նչ սկզբունքով: Եթե ոչ, եթե ծրագիրը նախապես հայտարարված ու ներկայացված է եղել բոլոր առևտրային բանկերին, սակայն մասնակցություն են ունեցել մի քանիսը, կարևոր է հասկանալ, թե որոնք են եղել մյուս բանկերի կողմից հրաժարվելու շարժառիթները: Շարժառիթները հասկանալը լավ ցուցիչ կլինի նաև հասկանալու բանկերի մոտիվացիան, ինչի մասին խոսում էին կառավարությունում՝ նշելով, որ ծրագրին մասնակցելու տեսանկյունից բանկը մոտիվացիա ունի»,-եզրափակեց փորձագետը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում