Շնորհակա՛լ ենք, Ավետի՛ք
АналитикаՄայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանը փաստաբանների միջոցով իր խորին երախտագիտությունն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս դժվարին ու կարևոր պահին իմ կողքին լինելու, անվերապահ աջակցելու, քաջալերելու և հավատալու համար։ Այս պահին ձեր սատարումն անգնահատելի է, ձեր անշահախնդիր վերաբերմունքն ու անդրդվելի դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստում են, որ արդարությունն անպայման կվերականգնվի։
Շնորհակալություն հրապարակային կոչերով իրենց աջակցությունը հայտնած բոլոր կազմակերպություններին ու անձանց՝ ՀՀ Աժ պատգամավորներին, «Արար» հիմնադրամին, որոնք երաշխավորագրեր են ներկայացրել։
Շնորհակալություն Արցախի պետական, քաղաքական, հոգևոր առաջնորդներին աջակցության խոսքերի և վստահության համար»,- նշել է Չալաբյանը։
Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, շնորհակալության հասցեատերը այստեղ մեկ մարդ է, և նա Ավետիք Չալաբյանն է։
Մենք ենք շնորհակալ, Ավետիք, որ լինելով միջազգային կարգի ճանաչված մասնագետ՝ թողել ես փառքն ու անձնական կոմֆորտը, եկել ես Հայաստան և քո նպաստն ես բերում ավերված պետությունը փրկելու հարցում։
Մենք ենք շնորհակալ, որ ազգային, պետական շահը վեր ես դասել անձնական շահից։
Մենք ենք շնորհակալ, որ ունենալով բոլոր հնարավորությունները արտերկրում լուրջ կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու և այնտեղից մեզ դասեր տալու՝ վերադարձել ես ու մեր շարքերում քո բաժին կռիվն ես տալիս։
Այս ու շատ բաների համար ենք շնորհակալ։
Սա էլ մի փորձություն է, կանցնի։ Բայց ժողովուրդը կտա քո իրական գնահատականը։
Ճիշտ Ժամանակին։
Ռաֆայել Բաղդասարյան