«Դիլիջան» պարկում խլուրդներն անկել են քիմիկան մշակումների պատճառով, եւ նույնը սպառնում է մյուս կենդանիներին․ բնապահպան
Общество«Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկման պատճառը Շրջակա միջավայրի նախարարության իրականցվող քիմիական գլոբալ մշակումներն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Օրեր առաջ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ պարկում լինելու են քիմիական մշակումներ, եւ արգելվում է ընտանի կենդանիների մուտքը։ Այստեղ հարց էր առաջանում, թե ինչ է լինելու վայրի կենդանիների հետ։ Ես համոզված եմ, որ խլուրդներն անկել են այս քիմիկան մշակումների հետեւանքով։ Առաջնահերթ այդ քիմիական նյութերն ազդում են հենց կրծողների վրա։ Եվ շատ զարմանալի է, որ այսքանից հետո էլ նախարարությունում փորձում են հասկանալ, թե ինչից է պատճառը։ Քիմիական մշակում անելն անհրաժեշտություն էր, սակայն մինչ դա պետք էր հաշվի առնել բազմաթիվ գործոններ»,- նշեց Ադամյանը։
Բնապահպանի խոսքով՝ հիմա իրավիճակը լավացնել կարող են միայն մեծ քանակությամբ հորդառատ անձրեւները, որոնք կկարողանան մաքրել քիմիական նյութերը։
«Բնականաբար, իրենք մշակումը նախապատրաստելիս հաշվարկել են այնպես, որ անձրեւներ քիչ տեղան։ Փաստ է, որ հիմա այնտեղի բոլոր կենդանիներն իրենց վրա զգացել են քիմիական նյութերի վնասները եւ բացասական ազդեցություն կարող են ունենալ բոլոր կենդանիների վրա»,- ասաց Սիլվա Ադամյանը։