Զելենսկին գնահատել է ուկրաինական բանակի օրական կորուստները
Международные новостиՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցելու պատրաստակամության մասին։ Նա նաև խոստովանել է, որ Մոսկվան գերազանցում է Կիևին ռազմական տեխնիկայի համալրման առումով և օգնություն է խնդրել Արևմուտքից։
Զելենսկու խոսքով՝ անբավարար տեխնիկական հագեցվածությունը խանգարում է ուկրաինական բանակին առաջ շարժվել։
Մենք զիջում ենք տեխնոլոգիական առումով և, հետևաբար, չենք կարողանում հարձակվել։ Էլ ավելի մեծ կորուստներ ենք կրելու, իսկ մարդիկ իմ առաջնահերթությունն են,- ասել է նա։
Նախագահն ուկրաինական բանակի օրական կորուստները գնահատում է 100 մարդ։
Զելենսկին կրկին կոչ է արել Արևմուտքին ռազմական աջակցություն ցուցաբերել իր երկրին։ Կիևին սպառազինությունների մատակարարումները և հակառուսական պատժամիջոցների խստացումը, ներառյալ նավթի և գազի ամբողջական էմբարգոն, կնպաստեն Ռուսաստանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ասել է նա:
Զելենսկին ասել է, որ փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելը «խոշոր ժամանակավոր հաղթանակ» կլինի Ուկրաինայի համար, սակայն վերջնական նպատակը երկրի ողջ տարածքում ինքնիշխանություն հաստատելն է։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ «հաղթանակը պետք է հասնել մարտի դաշտում», սակայն ինքը բաց է մնում Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Այնուամենայնիվ, Զելենսկին մտադիր է նման բանակցություններ վարել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ, քանի որ, նրա խոսքով, Ռուսաստանում ուրիշ ոչ ոք չկա, ում հետ զրուցի։
Զելենսկու խոսքով՝ թեև Արևմուտքի պատժամիջոցներն արդեն հարվածել են ռուսական տնտեսությանը, դրանք չեն ազդել Մոսկվայի դիրքորոշման վրա։ Ավելին, որոշ կառավարություններ իրենց շահերը պաշտպանելու համար միջոցներ են փնտրում՝ թուլացնելու սահմանված սահմանափակումները։
Զելենսկին նաև մեղադրել է որոշ դաշնակիցների՝ առանց Կիևի մասնակցության հրադադարի պայմաններ գտնելու մեջ:
«Մեզ անհրաժեշտ է Արևմուտքի շարունակական հետաքրքրությունը, Արևմուտքի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ: Ուկրաինայի թիկունքում բանակցություններ չեն կարող լինել»,- ասել է նա: