Ազատվել ոչ պրոֆեսիոնալներից․ Ավինյանի պահանջը տեղ է հասել
АналитикаՔաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին, այս մասին այսօր հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, նշել, թե երախտապարտ է այն հնարավորության համար, որ իրեն ընձեռվեց գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտում և Հայաստանի ժողովրդին։
Ռևազյանը նշել է, թե հպարտ է այն արդյունքներով, որ թիմը հասել է, մասնավորապես արձանագրել է «Fly Arna» ավիաընկերության մեկնարկը որպես ազգային անվտանգ փոխադրող, ինչպես նաև շեշտել է, թե իր հրաժարականի պատճառի վերաբերյալ որևէ կեղծ լուրերի և բամբասանքների պետք չէ հավատալ, պաշտոնը լքում է դրական էմոցիաներով և տեղափոխվում բիզնեսի դաշտ։
Մեր տեղեկությունների համաձայն, սակայն, իրականում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես փորձում է իր պաշտոնանկության հայտարարության մեջ նշել Ռևազյանը։ Հատկապես Հայաստանում, երբ երկու նոր փոխադրողների` «FlyOne Armenia»-ի և «FlyArna»-ի հայտնվելու հետ միաժամանակ, ակնհայտ է դառնում, որ լուրջ խնդիրներ կան այս առումներով, հատկապես կապված «ANIF» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի և ավիաընկերությունների ղեկավարների հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Տիգրան Ավինյանն անձամբ է պնդել, որ Տաթևիկ Ռևազյանը լքի այդ պաշտոնը, քանի որ կարողացել է բացատրել, որ գոնե ավիացիայի ոլորտում ոչ պրոֆեսիոնալների ներկայությունը և ավիացիայի ոլորտի ապականումը կարող է լրջորեն խախտել թե՛ նոր ծիլեր տվող ավիացիան, թե՛ նաև Հայաստանից վանել օտարերկրյա գործընկերներին, որոնց հետ բանակցելու երկար ու տևական փուլ է անցել հենց Տիգրան Ավինյանը, այլ ոչ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ըստ էության, հաջողվել է վարչապետին համոզել ազատվել Տաթևիկ Ռևազյանից, փոխարենը առաջիկայում Ավինյանի նախաձեռնությամբ նոր և բավականին լուրջ մասնագետ է նշանակվելու այդ պաշտոնին, ով կկարողանա իսկապես ղեկավարել հայկական ավիացիան։ Առնչվել ենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի գործող իշխանությունների մեջ եզակի մարդ է հասկանում պրոֆեսիոնալիզմի կարևորությունը և լուրջ մասնագետներով պետական կառավարման համակարգը համալրելու անհրաժեշտությունը։ Իսկ սկանդալների սիրահար Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարության 4 տարիները Հայաստանի Հանրապետությանը բացարձակ ոչինչ չտվեցին, բացառությամբ՝ ավիացիայի ոլորտում կորսված հնարավորությունները։
Արմեն Սահակյան