... Մինչև հսկայական «ադամանդ»-աստղը կիջեցնեն Երկիր. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Ալմաստը բավականին թանկարժեք բնական քար է և քիչ է հանդիպում աշխարհում, իսկ ամենամեծ ալմաստներն անգամ անուններ ունեն, բայց դրանք քաշով անգամ մեկ կիլոգրամ չեն լինում: Այնուամենայնիվ, ինչքան էլ զարմանալի է, ներկայումս մարդկությանը հայտնի ամենամեծ ալմաստն ունի 4 000 կիլոմետր տրամագիծ և կշռում է, ոչ ավել, ոչ պակաս, 10 միլիարդ տրիլիոն կարատ: Համեմատության համար ասենք, որ մինչև այդ «ալմաստը» հայտնաբերելը աշխարհի ամենամեծ ալմաստն էր համարվում «Կուլլինանը», որը կշռում է 31067 կարատ (կամ 621,35 գրամ. 1 կարատը 0,2 գրամ է), իսկ նրա չափերն են 100x65x50 միլիմետր:
Այդ ալմաստն իր անունը ստացել է այն հայտնաբերող ընկերության նախագահի անունից, իսկ 1907 թվականին Տրանսիլվանիայի կառավարությունը այն նվիրել է Անգլիայի թագավոր Էդուարդ 7-րդին: Այսպիսով «Կուլլինանը» հանդիսանում էր մարդկությանը հայտնի ամենամեծ ալմաստը մինչև 2004 թվականը: 1960 թվականին աստղագետների կողմից հայտնաբերվել է Ալֆա Ցենտավրա աստղաբույլում և Երկիր մոլորակից 50 լուսատարի հեռավորությամբ գտնվող BPM 37093 անվանված փոփոխական աստղը, որը բաբախող սպիտակ թզուկ է ջրածնային մթնոլորտով և անսովոր մեծ զանգվածով, բայց իր փոքր չափերով հանդերձ այն ծանր է Արեգակից 11 անգամ: Ինչպես և մնացած սպիտակ թզուկները, BPM 37093 -ը կազմված է հիմնականում ածխածնից և թթվածնից, որոնք առաջանում են ատոմների եռակի ջերմամիջուկային ռեակցիայի արդյունքում հելիումի ատոմների ձուլման հետևանքով:
Այդ աստղը ներկայումս սառչում է, իսկ նրա մատերիան՝ կենտրոնից սկսած բյուրեղանում: Աստղի բաբախումը աստղագետներին տեղեկություն է տալիս դրա կառուցվածքի մասին: 2004 թ.-ին BPM 37093-ի աստրոսեյսմոլոգիական և բաբախման հետազոտությունը համադրած բյուրեղացման տեսությունը գիտնականներին բերել է այն մտքին, որ աստղի մոտ 90 %-ը (որոշ հետազոտություններով՝ 32 % կամ 82 %) բյուրեղացված է: Ենթադրվում է, որ ածխածնի բյուրեղացումը ընթացել է ծավալայինկենտրոնացված խորանարդային ցանցի տեսքով: Արդյունքում ստացվել է, որ այդ աստղը ալմաստի հսկայական կտոր է: Գիտնականները BPM 37093 -ին կոչել են «Լյուսի»՝ ի պատիվ Բիթլզի «Լյուսին երկնքում ալմաստների հետ» հանրահայտ երգի:
Ի դեպ, Ջոն Լենոնն այդ երգը այդպես էր կոչել իր տղայի նկարի պատճառով: Ինչպես տեսնում ենք, ստացվում է, որ մարդկությանը հայտնի ամենամեծ ալմաստը «Լյուսին» է: Իհարկե, պետք է նշել, որ, այնուամենայնիվ, «Կուլլինանը» ներկայումս էլ դեռևս հանդիսանում է երկրագնդի վրա գտնվող ամենամեծ ալմաստը, քանի դեռ շողացող քարերի սիրահարները չեն բերել «Լյուսի» աստղը երկիր: Հետաքրքիր է, իսկ ո՞վ կհամաձայնի «Լյուսիին» հղկել և վերածել հսկայական ադամանդի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում