Որոշ մանրամասներ են հայտնի դարձել հայ-ադրբեջանական ճանապարհների վերագործարկումից
ОбществоԱդրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարությունից հինգ օր անց էլ պաշտոնապես չի հստակեցվել՝ ինչ է այն նշանակում, «Ազատությանը», սակայն, որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ընթացող բանակցություններից։ Այս մասին գրում է Azatutyun.am-ը:
Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։
Արդյո՞ք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին օրերս գրել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ում տեղեկություններով՝ Բաքուն դրել է ռուսական ուղեկալի պահանջը։
Պաշտոնական Մոսկվան ու Երևանը տարբեր տեղեկություններ հրապարակեցին մոտ տասն օր առաջ Մոսկվայում կայացած փոխվարչապետեր Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպումից հետո։ Ըստ Ռուսաստանի կառավարության՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք են այդ մոտեցումները, առայսօր պաշտոնապես չի նշվում։