44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները իրենց պայքարը կշարունակեն Ազատության հրապարակում
Общество44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, որոնք պահանջում են պատերազմի հետևանքների համար պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվել են Ազատության հրապարակ և իրենց պահանջները կշարունակեն բարձրաձայնել այնտեղից։
168.am–ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ասել է, թե պատճառն այն է, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից հանելու է վրանները։
«Մենք միացանք Ֆրանսիայի հրապարակին, քանի որ ժողովուրդն այնտեղ էր հավաքում, որպեսզի մեր դարդերը լսեին, ճիշտ հասկանային մեր ցավը, բայց դե վրաններն այնտեղից հավաքում են»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենց պահանջը իրավական է, ավելի շատ ուղղված է երկրի գլխավոր դատախազին, իրավական համակարգին, դատական համակարգին, Ոստիկանությունը, ԱԱԾ–ին, բանակին, քանի որ իրենց երեխաներին բանակին են տվել։
Գարիկ Գալեյանը հույս հայտնեց, որ Ոստիկանությունը թույլ կտա իրենց պայքարը շարունակել Ազատության հրապարակում։