Որովայնային տիֆի և այլ հիվանդությունների ռիսկերը՝ խմելու ջրի կուլլերի ստեղծման խթան. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Յուրաքանչյուր սարք, մեխանիզմ կամ հարմարանք ունի իր ծագման պատմությունը: Բացառություն չէ նաև խմելու ջրի կուլլերը: Իսկ ինչպե՞ս է առաջացել այդ սարքը: Ժամանակակից կուլլերի նախատիպը խմելու ջրի առաջին «շատրվանն» էր, որը հորինել էր ամերիկացի Հալսի Թեյլորը 20-րդ դարի սկզբին։ Այդ օրերին շատ մարդիկ տառապում էին աղիքային հիվանդություններից, որոնք առաջանում էին աղտոտված ջրերում աճող բակտերիաներից։
Այս փորձանքից զերծ չէր մնացել նաև Հելսի Թեյլորի ընտանիքը։ Նրա հայրը մահացել է տիֆից։ Թեյլորը բժիշկ Լյութեր Հաուսի հետ միասին ստեղծել էր մի սարք, որն օգնում էր նվազագույնի հասցնել որովայնային տիֆի և այլ հիվանդությունների ռիսկերը, որոնք առաջանում են անորակ խմելու ջրից:
Արդեն 1909 թվականին մեկնարկել էր խմելու ջրի նման «շատրվանների» զանգվածային արտադրությունը։ Խմելու «շատրվանները» միայն մեկ նպատակ ունեին՝ մաքրված ջուր տալ։ Բայց բարձր ջերմաստիճանների դեպքում նման ջուրը շատ արագ խմելու համար ոչ պիտանի էր դառնում։ Սկզբում սառցե բլոկներն են սկսել օգտագործել դիսպենսերներում ջուրը սառեցնելու համար: Առաջին էլեկտրական հովացման համակարգով ջրի սարքը հայտնվել է 1938 թվականին, և սկսած 20-րդ դարի կեսերից խմելու ջրի այդ սարքերը սկսել են համալրվել հովացման համակարգով, իսկ ջրի դիսպենսերները ստացել են «կուլլեր» անվանումը։ Սակայն նման սարքերի զանգվածային արտադրությունը սկսվել է միայն 1970-ականներին:
Նման սարքերի շնորհիվ ջուրը երկար ժամանակ է մնում զով ու մաքուր։ 1980-ականների կուլլերների տարաները պատրաստված էին ապակուց: Իսկ սեղանի խմելու ջրի առաջին կուլլերը թողարկվել է 1985 թվականին: Արդեն 1990 թվականին հայտնվել են առաջին կուլլերները, որոնք հագեցած են նաև ջրի մաքրման համակարգով: Ժամանակի ընթացքում կուլլերները բարելավվել են և համալրվել նոր հնարավորություններով: Այսօր դա պարզապես ջուր մատակարարող «շատրվան» չէ, այլ բազմակողմանի և բարձր տեխնոլոգիական սարք: Ժամանակակից մոդելները կարող են ոչ միայն տաքացնել և սառեցնել, այլ նաև ջուրը հագեցնել օգտակար տարրերով:
Օզոնիզատորներով հագեցած ջրի կուլլերները ախտահանում են ջուրը, մշակում սպասքը և վերացնում սենյակի անցանկալի հոտերը։ Կան նաև մոդելներ, որոնք ունեն ներկառուցված ածխածնի երկօքսիդի տարողություններ, որոնք նախատեսված են ջուրը կարբոնացնելու համար: Սառեցնող սարքերի մի քանի տեսակներ կան. –սեղանի և հատակի, - ջրի տաքացմամբ և առանց դրա, - կոմպրեսորով և էլեկտրոնային սառեցմամբ, - սառնարանային սարքով, - և շատ ուրիշ տարատեսակներ: Ժամանակակից ջրի կուլլերները տարբեր դիզայնի սարքեր են: Ամենից հաճախ նման սարքը պատրաստված է լինում բավականին ամուր նյութից: Որպես կանոն, այն մետաղական կամ պլաստմասե իրան ունի: Ջրի կուլլերների զարգացումը ներկայումս էլ շարունակվում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում