Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետնախարարին և ՄԻՊ–ին
КультураՀունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկեցին ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով կարևորվեց համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ–Սփյուռք կապերին։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։
Հանդիպման ավարտին պրն. Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար։