«Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը». «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, Եվ վարիր այս անվերջ սևահողը, Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, Որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, Մինչև կբացվի առավոտը: Ռուբեն Հախվերդյան
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև (այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ) կկնքվի «ՀՀ և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիր»: Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:
Տրամադրվելիք դրամաշնորհը կազմում է 120 միլիոն ԱՄՆ դոլար, որը հատկացվելու է մասնաբաժիններով։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այդ գումարի առյուծի բաժինը՝ 68,565 միլիոնը, տրվում է ժողովրդավարության խթանման համար, իսկ մնացած մասը՝ 51,435 միլիոնը, տնտեսական անվտանգության բարելավման համար: Խոստովանենք, որ տպավորիչ թվեր են: Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացին» կարող է ուրախանալ և հուսալ, որ դրանից իրեն էլ մի բան կհասնի… Իհարկե՛ կհասնի… Ուղղակի այնպես, ինչպես հասավ «նախկինների թալանը հետ բերելուց»:
«Հպարտ քաղաքացին» ցանկության դեպքում կարող է օգտվել այդ դրամաշնորհով արևմտամետ ՀԿ-ների կողմից կազմակերպվելիք սեմինարների, գիտաժողովների և անգամ տիեզերաժողովների սուրճի ընդմիջումներին՝ գեղարվեստական ասած՝ «կոֆեբրեյկներին», «շվեդական սեղանից» սենդվիչ փախցնելով և լուծված սուրճ ըմպելով: Ու հավատացնում եմ, որ այդ պահին «հպարտ քաղաքացին» իրեն կզգա ինչպես Եվրոպայում, ինչպես եվրոպացի, կզգա, որ ինքն է երկրի տերը, քանի որ հենց կողքին կանգնած կլինի բարձրաստիճան պաշտոնյա՝ բնականաբար որպես «փորձագետ» հրավիրված, որը ևս անխնա ոչնչացնելիս կլինի պաշտետով սենդվիչը:
Իհարկե, հո «հպարտ քաղաքացուն» չե՞ն ասի, որ այդ «փորձագետը» մի կլորիկ գումար է ստացել… կոնկրետ հենց այդ սենդվիչն ուտելու համար, ոչ ավելին, որովհետև նա ուրիշ ոչնչի ունակ չէ: Հո չե՞ն ասի, թե ինչ գնով է գնվել այդ սենդվիչը (խեղճ մարդը ինֆարկտ կստանա, եթե իմանա, թե ինչ գումարի ուտելիք է ուղարկել իր սեփական որովայնը), և թե արդյունքում ի՞նչ կլորիկ գումար է աշխատել այն պատրաստող ԱՁ-ն կամ ՍՊԸ-ն, որը ևս իրենցն է: Հո չե՞ն ասի, թե ինչ գումարներ են աշխատել ՀԿների ղեկավարները այդ անիմաստ, մի քանի ժամ տևած ձանձրալի հավաքույթի կազմակերպման արդյունքում… չնայած լավ էլ քնելու առիթ է, թքած, թե տան գործերը մնացին… Արդյունքում, «մի կտոր Արևմուտք պարգևելու համար» կփառաբանվի կառավարությունը, ՔՊ-ն ու... Նիկոլ Փաշինյանը: Բայց չպետք է շտապել դա անել: Իրականում այնպես չէ, որ նրանց շնորհիվ է ԱՄՆ-ը 120 միլիոն դոլար դրամաշնորհ տրամադրում Հայաստանին: Այնտեղ զգացել են, որ «ժողովրդավարության միջնաբերդ Հայաստանում» ինչ-որ բան այն չէ, «իրենց տղան» այստեղ էլ է ձախողել այնպես, ինչպես ամեն բնագավառում:
Ինչքան էլ դա անտրամաբանական է հնչում, բայց «Դիմադրության շարժումն» ու նրա արձանագրած հաջողություններն են այս խոշոր դրամաշնորհի տրամադրման պատճառը, «տղային» կորցնելու իրական վտանգ կա, պետք է ակտիվացնել Հայաստանի արևմտամետ թևը նրանց «բլիթ տալով»՝ անձնական շահագրգռելով, դե, իսկ նրանք էլ, սովորության համաձայն, ակտիվորեն «հանրության առաջ խոտ կփռեն՝ միաժամանակ ականջներից լապշա կախելով»: Հարց է ծագում, ի՞նչ կարելի է անել: Ոչինչ: Ուղղակի չպետք է անձնապես որևէ մեկը «որոճա տված խոտը»:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում