«Ապագա ապրելատեղը». «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
ՀՀ արդարադատության նախարարությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում (այս կառավարության օրոք ֆեյսբուքյան էջերը դարձել են ավելի պաշտոնական, քան համապատասխան կառույցի պաշտոնական էջերը) հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Գովելի է, իհարկե... Բայց պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է միայն այն, որ դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը: Ընդ որում, նաև լուսանկարներ են տեղադրվել՝ ամբողջ խորհրդակցական սեղանով մեկ նոր քրեակատարողական հիմնարկի, իմա՝ բերդի, կամ, առավել ժողովրդական լեզվով ասած, «զոնի» գեղեցիկ մանրակերտով: Եվ այնքան հրաշագեղ, որ… ուզում ես ապրել այնտեղ:
Թե չէ, ես էլ մտածում էի, թե էս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ինչո՞ւ է պասիվ, ինչո՞վ է զբաղված: Հա, հերթական «ուսապարկային բարեփոխման» է, մանրակերտ է ստեղծել, հնարավոր է՝ սեփական ձեռքերով, երևի փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ է օգնել, դե, իրենք են երևում լուսանկարներում: Հիշում եմ՝ տարիներ առաջ Նոյեմբերյանում ոստիկանության նոր շենք էր կառուցվում, իսկ այն ժամանակվա ոստիկանության պետը մարդկանց, որոնց հիմնականում ձրի էր աշխատեցնում, ասում էր, որ դա ժողովրդի համար է կառուցվում (ճիշտ էր ասում. շենքի տակ նախնական կալանքի խցերն են): Հիմա Փաշինյանն էլ է որոշել կառուցել… Բայց ի՞նչ… և ամենակարևորը՝ ու՞մ համար: Միանշանակորեն կարելի է ասել, որ «ժողովրդի համար» է կառուցում: Բայց ո՞ր «ժողովրդի»: Գուցե ընդդիմադի՞ր… Դժվար թե, ե՞րբ է նրանց համար մտածել: Ակամայից հիշում եմ հին իմաստությունը. մարդը կյանքում երեք բան պետք է անի՝ երեխա ունենա, ծառ տնկի և տուն կառուցի:
Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու պահանջը կատարել է: Երեխաներ ունի, դե, ծառ տնկած կլինի (հաստատ չգիտեմ, բայց գյուղում ծնված տղա է՝ մեկ, և հետո՝ կոնկրետ հիշում եմ, որ մի քանի տարի առաջ համահայկական շաբաթօրյակին փնթփնթալով ծխուկներ էր հավաքում ծառերի տակերից. դա սղղացնենք որպես ծառ տնկել): Մնում է տուն կառուցելը… Լավ է ուշ, քան երբեք: Նոր քրեակատարողական հիմնարկը, ըստ արդարադատության նախարարության, լինելու է «միջազգային առաջադեմ չափանիշներին և մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին համապատասխան»: Այսինքն, հավանաբար կունենա նորմալ ապրելու համար պահանջվող բոլոր պայմանները: Մեր «հպարտ ու դուխով» վարչապետը հո ինչ-որ գոմ չէր կառուցի, ասենք՝ Ջհանգիրյանի նման (իր խոսքերն են, որ իր կառուցածն ընդամենը գոմ է, համեմատած…):
Հնարավոր է, ամեն դեպքում վարչապետը շատ հեռուն է մտածում: Դե, այս կյանքում ամեն ինչ պետք է հաշվարկել: Ի դեպ, մնացած «ուսապարկերն» էլ պետք է, որ գոհ լինեն, ի վերջո, դա կարող է նաև նրանցից շատերի տունը լինել, իրենց ապագա ապրելատեղը: Թե չէ, հինգաստղանի հյուրանոցներին ու բիզնեսկլասներին սովորած այդ «ժողովուրդը» հո Կոշի բերդում չէ՞ր անցկացնելու իր վաստակած այն «հանգիստը», որն, ի վերջո, ինչ-որ մի օր, ինչ-որ մի ժամի գալու է:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում