Տիեզերական գարեջուր. արդյո՞ք այն իսկապես արտասովոր է
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Աշխարհում շատ անսովոր և նույնիսկ զարմանալի խմիչքներ կան: Սակայն առավել ոչ ստանդարտ խմիչք է համարվում տիեզերական գարեջուրը` Space Barley-ն, որը եզակի է իր տեսակի մեջ: Այս անունը պատահական չէ, դա կապված է նրա հետ, որ այն պատրաստել են գարուց, որը աճել է անկշռելիության պայմաններում: Այս «գլուխգործոցը» հայտնվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Ճապոնիայի Օկայամա համալսարանի համագործակցության արդյունքում:
Գարեջրի համար զրոյական ծանրության պայմաններում գարի արտադրելու հատուկ փորձ չի եղել, ընդամենը եղել է տիեզերանավի մեջ բույսերի վարքի և զարգացման վերաբերյալ ուսումնասիրություն: Դրա համար օգտագործել են Ճապոնիայում գարեջուր արտադրող Sapporo Breweries ընկերության Haruna Nijo տեսակի գարին: Այդ ընկերությունը հատուկ հրավիրվել է համագործակցության Օկայամայի համալսարանի կողմից: Տիեզերական գարեջրի պատմությունը սկսվել է 2006 թվականի ապրիլից: Այդ տարի առաջին անգամ միջազգային տիեզերակայան է առաքվել Haruna Nijo գարի:
«Զվեզդա» մոդուլում ռուս գիտնականները զբաղվել են «տիեզերական» բույսերի մշակմամբ: Ուսումնասիրությունը կենտրոնացել է զուտ հացաբույսերի վրա իրենց սննդային արժեքի պատճառով, քանի որ նախատեսվում էր դրանք հետագայում օգտագործել որպես հնարավոր սննդամթերք տիեզերական ճանապարհորդությունների ժամանակ: Հետագայում նոր բույսերի համային հատկությունները գնահատելու համար որոշվել է դրանք դարձնել մարդու սննդակարգի սովորական արտադրանք: Եվ, իհարկե, առաջին հերթին մտածել են գարեջուր ստեղծելու մասին: Sapporo Breweries ընկերության ստեղծած առաջին տիեզերական գարեջրի փորձնական խմբաքանակը վաճառքի չի հանվել: Միայն ավելի ուշ են սկսել իրականացնել դա, քանի որ այն որոշակի պահանջարկ ու հետաքրքրություն է առաջացրել մարդկանց շրջանում: Այսպիսով, 2009 թվականին աճուրդի է հանվել մի զարմանալի գարեջուր, որը կոչվում էր Space Barley: Այդ ամենը չի ենթադրել որևէ առևտրային օգուտ, բացառությամբ, հավանաբար, բուն Sapporo Breweries ընկերության վարկանիշի բարձրացման:
Ծրագրի հիմնական նպատակն է եղել երիտասարդ գիտնականների և ուսանողների ուշադրությունը գրավել տիեզերքում իրականացված հետազոտությունների վրա: Այս գարեջրի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվել է բարեգործական նպատակների: Տիեզերական գարեջուրը ունի մուգ գույն և հինգ աստիճանի թնդություն: Աճեցված գարին բավարարել է գրեթե 500 լիտր խմիչք պատրաստելու համար: Այն շշալցվել է 330 մլ տարողությամբ շշերի մեջ, ստացվել է 1500 շիշ: Մեկ շշի արժեքը կազմել է մոտ 12 եվրո: Որոշվել է մեկ հաճախորդին վաճառել ոչ ավելի, քան 1 տուփ՝ 6 շիշ: Ընդհանուր առմամբ, եղել է 250 տուփ:
Քանի որ նման անսովոր գարեջրի մեծ պահանջարկ է եղել, որոշվել է բավարարել ամենակարևոր պատվերները: Նման լայնամասշտաբ գովազդային արշավը շատ հաջող է ստացվել, բայց տիեզերական գարեջրի հետագա արտադրություն չի նախատեսվում: Բանն այն է, որ տիեզերքում աճեցված գարին ոչնչով չի տարբերվում սովորական գարուց և Ռուսաստանի գիտությունների ակադեմիան այլևս չի իրականացնում նման փորձեր, համապատասխանաբար արտադրության համար հումք չկա:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում