ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ «Ամերիկայի ձայն»
ОбществоԱՄՆ պետքարտուղարությունն իր աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: Միացյալ Նահանգները պատրաստակամ է աջակցել այս կարեւոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: