Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չի լինի. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Ահա առաջարկվող փոփոխություններից մի քանիսը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 255-րդ հոդվածի պահանջը հետևյալն է՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել իրավախախտում կատարած անձի ներկայությամբ՝ վերջինիս պարտադիր պարզաբանելով օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: Ներկայացված նախագծով առաջարկվում է նախատեսել, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ:
Արձանագրությունը ստորագրում է այն կազմող անձը: Եթե արձանագրության կազմման պահին իրավախախտում կատարած անձը ներկա է և հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Այսպիսով՝ առաջարկվող փոփոխությամբ՝ արձանագրության կազմման պահին վարչական իրավախախտում կատարած անձի ներկայության պարագայում կգործեն օրենսգրքի գործող 255-րդ հոդվածում ամրագրված կարգավորումները, իսկ վերջինիս բացակայության պայմաններում՝ նախագծով առաջարկվող կարգավորումները: Հաջորդիվ` օրենսգրքի 267-րդ հոդվածը նախատեսում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Օրենսգիրքը նախատեսում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության միայն բանավոր ընթացակարգ: Նախագծով ակնկալվում է ներդնել վարչական գործերի քննության գրավոր ընթացակարգ:
Բացի դա, նախագծով առաջարկվում է օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերի արտադատական կարգով բողոքարկման պարտադիր նախապայմանի սահմանում, որը կնպաստի նյութական ռեսուրսների խնայողությանը, ողջամիտ ժամկետում անձի իրավունքների պաշտպանության հնարավորությանը, դատարանների անհարկի ծանրաբեռնվածության թեթևացմանը և այլն: Նախագծով առաջարկվող մեկ այլ կարգավորմամբ` մինչև դատական իշխանության միջամտությունը հնարավորություն կտրվի վարչական մարմնին վերացնելու վիճարկվող վարչական ակտերը: Առաջարկվում է օրենսգրքում կատարել մի շարք փոփոխություններ ևս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում