Ֆրանսիական, իտալական ու նիդերլանդական կոնյակային «պատերազմներ». «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Բազմաթիվ լեգենդներ են հյուսված կոնյակի պատմության շուրջ: Այնուամենայնիվ, հուսալիորեն հայտնի է միայն այն, որ այդ խմիչքն իր անունը ստացել է ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում գտնվող Կոնյակ քաղաքից: Այսպիսով, լեգենդներից մեկը պատմում է քաջ ասպետ Ժակ դե լ յա Կրուա Մարոնի մասին, որը ոչ միայն զինվոր էր, այլ նաև գինեգործ: Նրան սկսել են տանջել գիշերային մղձավանջները, որոնցից մեկում սատանան է հայտնվել և հայտարարել, որ իր մարմինը երկու անգամ եփելու է եռացրած ջրի մեջ, որպեսզի հոգին ստանա:
Շեվալյեն այս երազը մեկնաբանել է որպես իր խաղողի այգիներից գինին երկու անգամ թորելու անհրաժեշտություն, ինչն էլ արել է Ժակը՝ միաժամանակ հեռացնելով նախնական և վերջնական թորման կողմնակի ֆրակցիաները: Ստացված կոնյակի սպիրտը նա լցրել է տակառի մեջ և նվիրել վանականներին, որոնք մի քանի տարի թաքցրել են այն, իսկ երբ բացել են տակառը, նրա մեջ հայտնաբերել են աստվածային համով և բույրով խմիչք: Ըստ լեգենդի, այդպես ստեղծվել է պատմության մեջ առաջին կոնյակը: Սակայն իտալացիներն իրենց հերթին պնդում են, որ իրենք սկսել են կոնյակ արտադրել շատ ավելի շուտ, քան ֆրանսիացիները: Նրանց վարկածի համաձայն, Հենրիխ Երկրորդի և Քեթրին դե Մեդիչիի հարսանիքին Իտալիայի դեսպանի նվերներից մեկը եղել է խաղողի կոնյակը, որը նախկինում ֆրանսիացիները երբեք չեն ճաշակել:
Իրականում ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է: Ըստ ամենայնի, նիդերլանդացիներն են Ֆրանսիայում սկսել կոնյակի սպիրտ ստանալ: Նրանք այնպիսի նավահանգստային քաղաքներում, ինչպես, օրինակ՝ Կոնյակը, գնել աղ և գինի: Բայց գինին հաճախ չէր դիմանում երկար փոխադրմանը ու փչանում էր: Այդ պատճառով որոշվել է տեղափոխել խաղողի սպիրտ, որն արդեն հետագայում կարելի է նոսրացնել: Այնուամենայնիվ, փորձելով կոնյակի սպիրտը, այն և՛ նիդերլանդացիներին, և՛ ֆրանսիացիներին դուր է եկել չնոսրացված: Անգլիայի և Ֆրանսիայի միջև հաջորդ պատերազմի բռնկումը հանգեցրել է նավագնացության պարապուրդի, որի արդյունքում կոնյակի սպիրտը երկար ամիսներ մնացել է կաղնեփայտի տակառներում, որից հետո պարզվել է, որ այն փոխել է իր հատկությունները՝ գույնը, համը և բույրը:
Այս հայտնագործությունից հետո նրանք դիտավորյալ սկսել են առնվազն երկու տարի ժամկետով խաղողի սպիրտը պահել տակառներում: Քսաներորդ դարի սկզբին Ֆրանսիայում մի որոշում է կայացվել, որը մեծ ազդեցություն է ունեցել կոնյակի պատմության վրա: Փաստաթղթով որոշվել է, որ միայն Ֆրանսիայի վեց դեպարտամենտում պատրաստված խմիչքները կարող են ունենալ «կոնյակ» անվանումը, ավելին՝ այն պետք է լինի միայն այդ տարածքներում աճեցված խաղողից: Կլիմայի տարբերության և հողերի բազմազանության պատճառով այդ դեպարտամենտի կոնյակներն ունեն տարբեր համ և բույր: Բացի դա, այն ամենը, ինչը արտադրվում է օգտագործելով նույն տեխնոլոգիան, ինչ օգտագործվում է կոնյակի դեպքում, պետք է անվանել այլ կերպ, օրինակ՝ արմանյակ, վինյակ, բրենդի: Այդ իսկ պատճառով, նաև Հայաստանում, որը հայտնի է իր կոնյակներով, արտադրվող այդ խմիչքն այլևս կոնյակ չի կոչվում:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում