Ե՞րբ է Կարմիր խաչը վերջին անգամ այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
ОбществоԱմենաթարմ այցը Ադրբեջանում պահվող հայ գերիներին եղել է այս հուլիսի վերջին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները, որոնք արձանագրվել են ոչ միայն ընդհանուր այցի, այլ նաև առանձնազրույցների ժամանակ։ Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ՝ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով», - ասաց Ամատունին։
Կարմիր խաչը չի հրապարակում տեսակցած գերիների թիվը, կոմիտեում նշում են, որ այցելել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված գերիների ցուցակում ներառված բոլոր անձանց։
ԿԽՄԿ-ում հույս ունեն, որ պարբերական այցերը կշարունակվեն։
Նշենք, որ Բաքուն հաստատում է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։