«Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում». ինչո՞ւ է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավետիք Չալաբյանը
Интервью«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շարունակում է կալանավորված մնալ: Ինչպես նշում է վերջինիս պաշտպանական թիմը` կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են:
Նաիրա Զոհրաբյանն ասում է` այն, ինչ կատարվում է Ավ. Չալաբյանի շուրջ, հստակ քաղաքական պատվեր է` ուղղակի, անձնապես հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Դատարանը ոչինչ չի որոշում, այնտեղ հավաքված են կամակատարներ, որոնք մի օր անպայմանորեն պատասխան են տալու բոլոր իշխանությունների ժամանակ քաղաքական «քյարփիչ»՝ քաղաքական աղյուս լինելու համար: Անհեթեթագույն մեղադրանք է, մոնտաժված ձայնագրություն, քրեական հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ավետիքին, կատարյալ աբսուրդ է: Ապրում ենք տոտալ դիկտատուրայի պայմաններում: Հիշում եք` Ն. Փաշինյանը ժամանակին ասում էր` կա՞ որևէ դատավոր, որին ինչ-որ բան ասեմ, ինքը չանի: Հիմա ինքն ամեն օր ապացուցում է, որ, ցավոք, շատ քիչ են Հայաստանում մնացել դատավորներ, որոնք հաշվետու են ոչ թե գործող իշխանությանը, այլ օրենքին ու օրինականությանը: Ինքը հերթական անգամ ճիշտ է դուրս գալիս, որովհետև իրեն հաջողվեց Հայաստանում բոլոր ինստիտուտները, այդ թվում`դատական իշխանությունը, ճմռթել, սարքել պոլի շոր և գցել իր ոտքերի տակ: Կարող եմ հասկանալ, թե ինչու է Ն. Փաշինյանը կոնկրետ անձերի վրա սևեռվում, որոնց մեջ է նաև Ավ. Չալաբյանը: Նա սովորաբար կենդանական բնազդ ունի զգալու վտանգն իր իշխանության համար: Կարող է իրեն ամեն օր «մարդասպան», «դավաճան» ասողին արհամարհել, չնկատել: Շատ լավ գիտի, թե որտեղից իրեն կարող է վտանգ սպառնալ: Բոլոր նրանց, ում նա հետևողականորեն հետապնդում է, և շատերը փորձում են տրամաբանություն հասկանալ, տրամաբանությունը մեկն է` ինքն այդտեղից զգում է վտանգ, և քանի դեռ նա դա զգում է, մինչև վերջ փորձելու է այդ մարդկանց հետապնդել: Եթե շարունակենք լռել, ամեն մեկս շարունակենք մտածել, որ քանի դեռ մեզ չեն կալանավորել, մենք քաղաքական հետապնդման զոհ չենք, կարող են ֆեյսբուքյան մի ստատուս գրել և դրանով մեր պարտքը մեր ընկերոջ, մեր գործընկերոջ, մեր հայրենակցի համար ավարտել, Ն. Փաշինյանը շարունակելու է իր դատական դիկտատուրան»,- Past.am-ի հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:
Ավելի վաղ տիկին Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, դիմել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման խնդրով։ Հետաքրքրվում ենք, թե ինչ արձագանքներ կան այս առումով:
«Այո, դիմել եմ թե՛ Ավետիքի, թե՛ դաշնակցական գործիչների մասով, որոնց մուտքն արգելվել է Հայաստան: Վստահ եմ մեկ բանում, որ Դաշնակցությանը հայտարարված այս «սրբազան պատերազմն» ուղղորդված է Թուրքիայից: Սփյուռքի դաշնակցական կառույցները Հայոց ցեղասպանության գործում այսօր լրջագույն ֆունկցիա են կատարում: Չեմ բացառում, որ մի օր էլ, ինչպես մի ժամանակ եղավ, Դաշնակցություն կուսակցությունը որպես տեռորիսստական կուսակցություն փակվի Հայաստանում Նիկոլի օրոք: Սա արվում է ուղղակի Թուրքիայի հրահանգով Ցեղասպանության հարցն ընդհանրապես թաղելու համար: Եվրոպացի մեր գործընկերները, որոնց հոգեզավակն է Ն. Փաշինյանը, ընդամենն ի գիտություն են ընդունում իմ և, վստահ եմ, նաև մյուս կառույցների ուղարկած պարզաբանումները, տեղեկությունը: Ցավոք, այսօր Հայաստանի ժողովուրդը, ընդդիմությունը չունի միջազգային կառույցներում այն ձայնը, որն ունեինք նախկինում՝ այն պարզ պատճառով, որ Փաշինյանն իրենց համար ամենահարմար գործիչն է Հայաստանի կործանումն ավարտին հասցնելու համար»,- եզրափակում է Նաիրա Զոհրաբյանը:
Լուսինե Առաքելյան