Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար
ОбществоԳնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է, փրկարարները վերացնում են հնարավոր ռիսկերը, նոր աշխատանքներ իրականացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը:
«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան ժամանակը երկարեց, այդքան մարդկանց ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյանում է: Փրկարարական աշխատանքները չեն դադարում, հաշվի են առնվում ռիսկերը, անվտանգության կանոնները, պետք է վերացնենք ռիսկերը, որ կարողանանք աշխատել: Շինության փլուզման վտանգ կա՝ երկաթբետոնե կոնստրուկցիաներ կան կախված, դրանք պետք է հեռացնենք, նոր կարողանանք փրկարարական աշխատանքներ իրականացնել: Բացի դրանից, տրակտորի աշխատելուց հնարավոր է դիակներ վնասվեն: Փորձում ենք խուսափել նման դեպքերից»,- ասաց Վարդազարյանը:
Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալի խոսքով՝ ներկայումս փրկարարական աշխատանքներին ներգրավված է 150 փրկարար ծառայող, 102 կամավոր Հայկական կարմիր խաչ ընկերությունից և 15 կամավոր «ՈՄԱ» կազմակերպությունից: