«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են
ОбществоԵրևանի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյան:
«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական աշխատանքների վրա: Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,-նշել է Արտյուշ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ գրանցվել է անհետ կորած քաղաքացների վերաբերյալ 20 ահազանգ, որից 4-ը վերաբերում են Իրանի քաղաքացիներին: Ահազանգը ստացվել է Իրանի դեսպանատնից:
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են շուրջ 300 աշխատակիցներ ԱԻՆ-ից, մարզային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումներից, քաղաքային որոնողական փրկարարական աշխատանքներ իրականացնող թիմից»,-ասել է նա:
Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրել է, որ քննարկվում է պայթյունի հետևանքով կիսաքանդ մնացած շենքի սյուների վնասազերծման աշխատանքներն իրականացնելու հարցը: Առաջիկա ժամերին կլինի վերջնական որոշում այդ հարցի հետ կապված: ԱԻ նախարարի տեղակալը նշել է, որ կա փլվելու վտանգ: