Ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ 20-ից ավելի քրգործ է հարուցվել
Հայաստանի քննչական կոմիտեն մոտ 2 տասնյակ քրեական գործ է հարուցել հուլիսի 1-ից սկսած ադրբեջանական կողմից հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ արձակած կրակոցների վերաբերյալ: Այս մասինNEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Ինչպես գիտենք՝ հուլիսի 1-ից սկսած սահմանին լարվածության սրացմանը զուգահեռ ադրբեջանական կողմը կրակ էր բացում նաեւ սահմանամերձ գյուղերի վրա, գյուղացիները նյութական մեծ կորուստներ կրեցին, եղան հրկիզումներ: Այս դեպքերով էլ մոտ 2 տասնյակ գործեր են հարուցվել Հայաստանի տարբեր քննչական մարմիններում եւ քննություններ են ընթանում: Հարկ է նշել, որ մենք գործեր ենք հարուցել հատկապես խաղաղ բնակիչների նկատմամբ ոտնձգությունների մասով, երբ մարդիկ նյութապես տուժել են»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: