Ինչպես են հաշվում «հպարտ» ժողովրդի ատամները. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Գործող իշխանություններին հետևողականորեն հաջողվում է սոցիալական հարցերի շահարկման շրջանակներում «ստվերել», «երկրորդել» Արցախի հետ կապված խնդիրները և հատկապես արտաքին քաղաքականության ոլորտի ձախողումները։ Երկրում սոցիալական դրությունն այնքան ծանր է, որ յուրաքանչյուր սոցիալական ուղղվածություն ունեցող նախաձեռնություն մեծ ալիք է բարձրացնում, և այդ աղմուկի տակ խլացվում են մյուս հարցերը։
Պատահակա՞ն է արդյոք, որ կառավարությունը հանկարծ «քնից զարթնեց» ու որոշեց, որ 2023 թվականի հունվարի 1-ի փոխարեն այս տարվա սեպտեմբերի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակներն ո ւ նպաստները: Շատերի համոզմամբ՝ ոչ։
Հիշեցնենք, որ հիմնական կենսաթոշակի չափը բարձրացվում է 3000 դրամով, իսկ նվազագույն կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության ու կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը՝ 1900 դրամով: Պարզ է, որ այս չնչին բարձրացումը սոցիալական առումով որևէ լուրջ հարց չի լուծելու, սակայն իրենց ոչ ձեռնտու թեմաները շեղելու համար իշխանությունները հերթական անգամ օգտվում են ժողովրդի՝ սոցիալապես խոցելի վիճակից։ Թոշակների ու նպաստների բարձրացման ֆոնին, կարծես, անտեսվում է այն հարցը, որ հակառակորդի սադրանքների արդյունքում Հայաստանում ապրող մարդիկ չեն կարող իրենց անվտանգ զգալ։
Օրինակ՝ ոչ մի կերպ չպետք է բացառել, որ հակառակորդի խելքին կարող է մի օր էլ փչել ավելի խորանալ Հայաստանի տարածքում, որի արդյունքում մի շարք սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ Բերձորում, Աղավնոյում և Սուսում ապրողների պես կարող են տեղահան լինել ու զրկվել իրենց սեփականությունից։ Այսինքն՝ կառավարության կողմից չկան անվտանգության կոնկրետ երաշխիքներ, բայց կարևորն այն է, որ մի քանի հազար դրամով թոշակ են բարձրացնում։ Մյուս կողմից էլ՝ ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, գնաճը չի ցանկանում իր տեղը զիջել, և մի շարք ոլորտներում անգամ երկնիշ թվով գնաճ է նկատվում։ Ուստի շարունակական թանկացումների պարագայում թոշակառուների և նպաստառուների եկամուտների էական ավելացում է պետք, որպեսզի իրենք կարողանան մի կերպ ծայրը ծայրին հասցնել, իսկ 3000, առավել ևս 1900 դրամը չի կարող էական փոփոխություն մտցնել նրանց կյանքում՝ չնայած որ թոշակառուներն ու նպաստառուներն այս գումարի կարիքն էլ ունեն։ Դրան զուգահեռ՝ իշխանություններն ընդամենը հատվածական ծրագրեր են իրականացնում, որից բոլոր քաղաքացիներն օգտվել չեն կարող։
Օրինակ՝ նրանց կողմից նախաձեռնված կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում ուղղակի գրոշներ են վերադարձվել թոշակառուներին, քանի որ նրանցից շատերը չեն կարողանում օգտվել անկանխիկ վճարային տարբերակներից։ Ու, ընդհանրապես, զարմանալ պետք չէ, որ ժամանակին ժողովրդի անունով երդվող իշխանությունները չեն ցանկանում դժվար պահերին կանգնել քաղաքացիների կողքին։
Օրինակ՝ նրանք չեն ցանկանում փոխհատուցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողների կորուստները։ Ավելին՝ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը կարծես թե ծաղրում է նրանց՝ «դասեր» տալով, թե ինչպես պետք է բիզնեսներն ու ընկերությունները կազմակերպեն իրենց աշխատանքը, որ փոխհատուցման խնդրի առաջ չկանգնեն։ Երբ ժամանակին Փաշինյանին պետք էր, որ, օրինակ՝ դժգոհ մարդիկ՝ այդ թվում և «Սուրմալուի» առևտրականները, ճանապարհ փակեին, ապա հպարտանում էր նրանցով, անվանում հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ, իսկ հիմա, երբ այդ մարդիկ պետք չեն, ապա նրանց մատնում է բախտի քմահաճույքին։
Ավելին, ուղղակիորեն ծաղրում է նրանց: Իսկ երբ խոսքը հենց իշխանական պաշտոնյաների պարգևավճարներին է վերաբերում, գործուղումներին և այլ ճոխ ու անիմաստ ծախսերին, ապա իշխանությունները միանգամից շռայլ ու առատաձեռն են դառնում։ Նույնիսկ պաշտոնյաների հայտարարագրերից է երևում, թե իրենց ֆինանսական վիճակն ինչպես է պաշտոն ստանալուց հետո կտրուկ բարելավվել։ Կարճ ասած՝ իշխանությունները հաշվել են «հպարտ» ժողովրդի ատամները և ինչպես ուզում, այնպես էլ վարվում են մարդկանց հետ, իսկ հանրային ընդվզումը բացակայում է։ Բայց ամբողջ խնդիրն այստեղ այն է, թե ինչքան է ժողովուրդը պատրաստվում հանդուրժել այս գործելակերպը...
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում