Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա, ուրեմն մեր ժողովուրդն արժանի է նրան, նա էլ ժողովրդին․ Արա Զոհրաբյան
ИнтервьюԻշխանության կամայական գործողությունների դեմ հանդես եմ եկել նաև մինչև 2018թ. իշխանափոխությունը: Մասնավորապես, Ընտանեկան բռնության օրենքի, փաստաբանների վիճակը վատթարացնող օրենքների նախագծերի առնչությամբ: Այս իշխանության վտանգավորությունը նրանում է, որ նրանք ժողովրդից վախ չունեն:
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, հասարակական գործիչ Արա Զոհրաբյանը, ով պարբերաբար հանդես է եկել պետության այս կամ այն կամայական որոշման դեմ հանրային բողոքի ակցիաներով՝ ընդհուպ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ և այլն։
«Եթե նախորդ իշխանավորները ժողովրդից վախենում էին և որոշ գործընթացներ իրականացնում էին ծածուկ, զարտուղի ճանապարհներով, ապա այս իշխանավորներն իրականացնում են օրը ցերեկով, բացահայտ և առանձնահատուկ ցինիզմով: Այս առումով էական է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացները, որոնց ականատես ենք եղել, այն է՝ սահմանադրական դատարանի կազմալուծումը, դատավորների նկատմամբ ճնշումները, արտակարգ իրավիճակներ սահմանելը՝ մարդկանց անհիմն տուգանելով, ընտրությունների վրա ազդելը, հաղթած թեկնածուներին կալանավորելը և այլն»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա համոզմամբ, ժողովուրդն իրականում գիտի այս իշխանության թերությունները, շատ լավ գիտակցում է, նույնիսկ հանրահավաքների ժամանակ ինչ թեզեր հնչեցվում են, մարդիկ դրանք անգիր գիտեն:
«Մարդիկ սպասում են կոնկրետ գործողության: Առկա է վստահության լուրջ դեֆիցիտ: Մարդիկ չեն վստահում ընդդիմադիր գործիչներին: Այս բազմաշերտ տեղեկությունների մեջ այնքան շատ է ապատեղեկատվությունը, որ նույնիսկ ակադեմիական գիտելիքներ ունեցող մարդիկ են մոլորվում: Բայց մի բան փաստ է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա, ապա մեր ժողովուրդն արժանի է նրան, նա էլ ժողովրդին: Սա աքսիոմա է։ Լուծումը հոգևոր արթնության մեջ է: Մենք հեռացել ենք Աստվածային օրենքներից: Պետք է գիտակցենք մեր թշվառ վիճակը և վերադառնանք մեր ազգային բարոյական արժեքներին: Սա արթնության և գործողությունների կատարման խթան կլինի»,- շեշտեց Արա Զոհրաբյանը։
Արա Ալոյան