«Մտավախություն կա, որ ավելի մեծ գնաճ կունենանք». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
2022 թ. հունիսին գնաճը շարունակվել էր և կազմել 10,3 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել էր՝ կազմելով 9,4 տոկոս: Սրանք ԿԲ-ի պաշտոնական տվյալներն են: Ներկայում գնաճ, կարծես թե, չունենք, սակայն գնանկում ևս չկա, ինչպես սովորաբար լինում է մեր երկրում: Բայց չկա և որևէ երաշխիք, որ համաշխարհային շուկայում որևէ փոփոխության պարագայում կրկին գնաճ չենք ունենա, ինչպես եղավ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկին: Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը ևս նշում է` գնաճի առումով, կարծես թե, ստաբիլ վիճակ է:
«Երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, կարծես խուճապ էր: Անհասկանալի էր, թե ինչ է լինելու և ինչպես: Ի դեպ, այս վիճակը ոչ միայն մեզ մոտ էր, այլ նաև ամբողջ աշխարհում: Հետո որոշակի ելքեր գտնվեցին, հարցերը քիչ թե շատ կարգավորվեցին, լոգիստիկ խնդիրներ լուծվեցին: Պետք է նշել, որ շատ ապրանքներ թանկացան նաև այն պատճառով, որ ներկրման պարագայում ճանապարհները երկարեցին, իսկ դա չէր կարող չանդրադառնալ ապրանքների գների վրա: Հիմա կայուն վիճակ է, վերջին շրջանում կտրուկ գնաճ չունենք: Ինչպես միշտ, լինում է սեզոնային և պահանջարկով պայմանավորված գնաճ: Մեծ վայրիվերումներ չկան»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:
Նշում է` մեզ մոտ ամբողջովին փոխվել է դոլար-դրամ փոխհարաբերությունը հենց պատերազմի սկզբից: «Մի պահ դրամն արժեզրկվեց, հետո արժևորվեց և պահպանում է իր դիրքերը, դրա ֆոնին նվազեց դոլարի փոխարժեքը: Հայաստան մեծ թվով օտարերկրացիներ ժամանեցին, հիմնականում` ՌԴ-ից և Ուկրաինայից, մեր երկիր գումարի մեծ ներհոսք եղավ, դրա ֆոնին դրամն արժևորվեց: Դոլարն ու դրամը երկար տարիներ նման փոխհարաբերության մեջ չէին եղել: Դոլարն այսօր տատանվում է 403-408 դրամի սահմաններում: Սա որոշակիորեն զսպում է գնաճը, պատկերացրեք` եթե դոլարի փոխարժեքը լիներ, ասենք` 480-490 դրամի սահմաններում, ինչպիսի ցուցանիշ մենք ունեցել ենք, ապա գնաճն ավելի բարձր կլիներ: Բայց, չնայած նրան, որ դոլարի փոխարժեքը նվազեց, իսկ դրամն արժևորվեց, բավականին գնաճ ունեցանք»,-նշում է մեր զրուցակիցը:
Ի դեպ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ևս ժամանակին նշել էր՝ «եթե չունենայինք դրամի այն արժևորումը, որը ունեցանք ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, 9 անգամ ավել գնաճ կունենայինք»: Չիլինգարյանը, սակայն, այս առումով մեկ այլ խնդիր է տեսնում, դրամի արժևորումը պայմանավորված էր մեր երկիր օտարերկրացիների մեծ ներհոսքով, ակնհայտ է, որ նրանցից շատերն այստեղ մշտական բնակություն չեն հաստատելու, մեկնելու են, ստացվում է, որ իրադրությունը կվերադառնա նույն` ռուս-ուկրաինական պատերազմին նախորդող վիճակին: «Այս դեպքում արդեն դրամի որոշակի արժեզրկում կունենանք, կվերադառնանք նախկին մակարդակին, ավելի քան համոզված եմ այդ հարցում: Այս դեպքում մտավախություն կա, որ ավելի մեծ գնաճ կունենանք: Դոլարը նորից կարժևորվի, իսկ մեր շուկայում ապրանքների մեծ մասը ներկրվում է, ուստի այդ դեպքում որոշակի ապրանքների պարագայում գնաճից խուսափել չի ստացվի: Սա է իմ մտավախությունը»,- հավելում է ՀԿ նախագահը:
Սեպտեմբերից ավելացել է կենսաթոշակառուների, զինկենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակների ու նպաստների չափը: Ավելացված գումարի չափերը տարբեր են: Բացի դա, անկանխիկ գործարքների դեպքում գործում է կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի ծրագիրը: Դրա անարդյունավետության մասին խոսելու առիթ ունեցել ենք: Իսկ թե ինչ կարելի է գնել, ասենք, 3000 դրամով, մեծ հարց է:
«Սա մի փոքր, թեթևակի փորձ է գնաճը զսպելու: 3000 դրամով թոշակառուն ի՞նչ կարող է գնել: Եթե լիներ, օրինակ` տասը հազար դրամի ավելացում, գուցե ինչ-որ տարբերություն լիներ, բայց 3000 դրամը չնչին մի բան է: Ուղղակի ֆիքսում ենք, որ վերջին տարիներին միայն մեկ անգամ է թոշակի ավելացում եղել, բայց սա մեկ կաթիլ է մեկ բաժակ ջրի մեջ: Որևէ մեկս չի հերքում, որ բազմաթիվ խնդիրներ ունենք երկրում հատկապես պատերազմից հետո, կա նաև համաշխարհային մեծ ճգնաժամ, բայց շատ երկրներ ունեն հստակ մեխանիզմներ, այնտեղ պարբերաբար ինդեքսացիա է տեղի ունենում, թոշակները և նպաստներն ավելանում են, իսկ մեզ մոտ տարիներ ի վեր չի ավելանում, իսկ հետո` բավականին քիչ ծավալով»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում