«Կարիք կա սեպագրերի ճշգրտման». քաղաքացին առաջարկում է ուրարտական արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակ․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս «Փաստն» էլեկտրոնային փոստով նամակ է ստացել Անդրանիկ Կոստանյանից, որն առաջարկում է ուրարտական արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակ: Նշում է, որ անհրաժեշտ հիմնավորումը կարող է սահմանված կարգով ներկայացնել գիտական հանրության դատին, ակնկալում պատմաբանների, գիտնականների ու լրատվամիջոցների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը: «Փաստը» զրուցեց պարոն Կոստանյանի հետ` պարզելու, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը:
«Ես` Երևանի բնակիչ Անդրանիկ Կոստանյանս, հանդես եմ գալիս ուրարտական կոչված սեպագիր արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակի առաջադրման անհատական նախաձեռնությամբ ու հայտարարություններով: Այդ երկրանվան ճիշտ տարբերակի հայտնագործությունը համարվում է աննախադեպ երևույթ, այն ավելի քան ութ տասնամյակ գտնվում է գիտական աշխարհի ուշադրության կենտրոնում ու չի գտել իր նախաձևը, այդ խնդիրն ունի պատմագիտական, հնագիտական, ազգագրական, տնտեսական, նաև քաղաքական նշանակություն և, կարծես թե, վերաճել է ազգային անվտանգության խնդրի: Ցանկացած գիտական հայտնագործություն, նաև այս մեկը, ունի մեծ նշանակություն, այդ թվում` նաև քաղաքական»,-ասում է Կոստանյանը:
Նշում է` սեպագրերը 1880 թ.-ին վերծանվել են մոտ 4 տասնյակ արձանագրության հիման վրա: «Այդ թիվը տարիների ընթացքում աճել է»,-հավելում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է` ուրարտական սեպագիր արձանագրությունները, որոնց վերծանում կատարվել է դեռևս 1880 թ.-ին և համարվել է ընդունելի, ճիշտ չէ: «Ըստ այդ ընդունելի համարված վերծանման, ուրարտական կոչված սեպագիր նշաններին, վանկերին կամ տառերին տրվել է ասուրերեն հնչեղություն: Այդ հանգամանքը թյուրիմացությունների տեղիք է տվել և հանդիսանում է ավելի քան 140-ամյա ուրարտագիտության ածանցյալ սխալների ակունքը: 20-րդ դարի խորհրդային շրջանի ամենահմուտ ուրարտագետներից Գիորգի Մելիքիշվիլին 1960 թ.-ի դրությամբ իր վերջնական եզրակացության մեջ գրում է. «Մենք ի վիճակի չենք պարզելու ուրարտական սեպագիր նշանների ճիշտ արտասանությունը, հնչեղությունը և ստիպված ենք դրանց տալ նույն հնչունային նշանակությունները, ինչպիսիք դրանք կան ասուրերենում»:
Պատմաբաններից մեկն էլ ասում է. «Այս ձևակերպման մեջ է ողջ ճշմարտությունը: Եթե գիտնականներն ի վիճակի չեն պարզելու ուրարտական սեպագիր նշանների ճիշտ արտասանությունը, ապա ինչպե՞ս կարող է 1880 թ.-ի վերծանումը համարվել ընդունելի, առավել ևս` վերջնական»: Արդյունքում գործ ունենք ոչ գիտական ու վերջնական, մասամբ ասուրերեն հնչյուններով և մասամբ էլ աղավաղված տարրերով կազմված շինծու բառերի հետ, ինչպիսիք են` Խալդի, Արգիշտի, Մենուա, Էրեբունի և այլն, որոնցով լեցուն է հայ ժողովրդի մ.թ.ա. 10-8-րդ դարերի պատմությունը: Այսպիսով` կարիք կա սեպագրերի ճշգրտման: Ինչպե՞ս: Է Տի Ու Նին ընտրվել է որպես առանցքային բառ»,հավելում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է` չի պնդում, թե բառի ընթերցման իր առաջարկած տարբերակն է ճիշտ, քննարկումների կարիք կա: Նաև հիշում է, որ դեռևս 1999 թ.-ին մի հայ պատմաբան Հանրային ՀԸ-ի եթերում ներկայացրել է իր տարբերակը, առաջարկել Է Տի Ու Նիի փոխարեն ընթերցել Այրարատ, սակայն մի քանի ամիս հետո անգամ հայտարարություն է եղել, որ այդ տարբերակը չի ընդունվում գիտական աշխարհի կողմից: «Դեռ չեմ բարձրաձայնում իմ տարբերակը, ուզում եմ նախաձեռնել քննարկումներ այս հարցի շուրջ, ներկայացնել այն գիտական հանրության դատին, դիմել եմ գիտական տարբեր հիմնարկների այս հարցի վերաբերյալ, արձագանք չի եղել: Հնարավոր է նաև մամուլի ասուլիս կազմակերպել, հարցի մասին բարձրաձայնել, քննարկումներ անցկացնել»,-ասում է Կոստանյանը:
Նշում է` կամ պետք է ընդհանրապես հրաժարվենք հին սխալից, կամ դիմենք վերծանման նոր փորձի: «Ինչո՞ւ շարունակենք սխալը: Շատ պատմաբաններ այդ վերծանումը համարել են ավարտուն և սկսում են խոսել չեղած լեզվի քերականությունից, բառերից և այլն: Ստացվել է շիլաշփոթ, որը նման չէ կենդանի և մեռած լեզուներից և որևէ մեկին: Այս բառի ընթերցման ճիշտ հայտնագործությունը կօգնի թե՛ մեր սեպագրերի հետագա ճիշտ վերծանմանը, թե՛ ասուրականի, որտեղ կան գիտական բնույթի շատ արժեքավոր փաստեր, որոնք անհասկանալի են սխալ վերծանման հետևանքով»,-ընդգծում է քաղաքացին:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում