Կվերանայվի Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված մոտեցումը. նոր նախագիծ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ԿԲ-ն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2011 թ.-ի հունվարի 13-ի N 15-ն որոշման մեջ: Փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։
Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները:
Օրենքով Բոնուս-Մալուսը սահմանվում է որպես ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։ ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած՝ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում դրվել է ապահովադիրների կամ ապահովագրված անձանց միայն ապահովագրական պատմությունը՝ մասնավորապես ապահովադրի պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, քանակը, իսկ վերջին շրջանում՝ նաև հատուցվող գումարի չափը։
Սակայն սկսած 2023 թ.-ից՝ Բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված այս մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն` նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների քանակը։
Նախագծի հեղինակների կարծիքով, այդպիսի մոտեցումը կմեծացնի վարորդներին տրվող միավորների կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը և պատահարների կանխարգելմանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում