«Փելոսիի այցը Երևան չպետք է գերագնահատել». «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
tass.ru-ն «Փորձագետը կարծում է, որ Փելոսիի այցը Երևան չպետք է գերագնահատել» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում դեռևս կարևոր է, և այդ համատեքստում չպետք է գերագնահատել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Նման կարծիք է tass.ru-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։ «Ինձ թվում է, որ Ռուսաստանի դիրքերը ներկայումս նախընտրելի են,- ասել է նա,- իհարկե, այդ այցը բավականին նշանակալից է, բայց, միևնույն ժամանակ, ես այն չէի դրամատիզացնի, ոչ մի սարսափելի բան էլ տեղի չի ունեցել»։ Կորտունովը հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն ավանդաբար փորձել է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։
«Իհարկե, Ռուսաստանը մնում է հիմնական գործընկերը, Հայաստանը նույնիսկ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, բայց մյուս կողմից՝ լավ շփումներ ունի Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, և կարծում եմ, որ երկրի ներկայիս ղեկավարությունը փորձում է հնարավորինս ընդլայնել իր կապերը ԱՄՆ-ի հետ»,- ասել է փորձագետը։ Նրա կարծիքով, Փելոսիի այցը չպետք է դիտվի որպես ԱՄՆ-ի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերը նսեմացնելու փորձ։
«Եթե անգամ ԱՄՆ-ը պատրաստ լիներ փոխարինել Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին և ուղարկել իր խաղաղապահներին, ապա դա անհնար կլինի գոնե տեսանելի ապագայում»,- ասել է Կորտունովը։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Փելոսին ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունները և Հայաստանի անվտանգության ներկա իրավիճակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում