«Ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորումը հանցագործություն է». արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպման վայրը Երևանն է․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպման վայրն այս անգամ Հայաստանն է: ԱՀԿ-ի վեց տարածաշրջանից ԱԱԲԹ-ների ցանցի ավելի քան 500 անդամ Երևանում է` հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու այս կարևոր միջոցառմանը: Բացմանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը տեսակապով ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին այս համաժողովը հյուրընկալելու համար։
Ընդգծեց` համավարակի ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերն անգնահատելի դեր են ունեցել, փրկել մարդկային կյանքեր: Բացման արարողությանը հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ժամանակ լրագրողների տարաբնույթ հարցերին պատասխանեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն (ԱՀԿ) Դր. Մայքլ Ռայանը, Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն (ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ) Դր. Ջերալդ Ռոկենշաուբը և ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմեր, ցանցի ղեկավար (ԱՀԿ գլխադասային գրասենյակ) Դր. Ֆլավիո Սալիոն: «Փաստին» հետաքրքիր էին ԱՀԿ-ի պաշտոնյաների դիտարկումները ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորման դեպքերի վերաբերյալ:
44օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիաների ընթացքում այս երկրի ԶՈւ-ի կողմից թիրախավորվել են մեր բուժծառայողները ու բուժհաստատությունները: Բուժաշխատողների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ: Մինչդեռ անգամ պատերազմն ունի իր չգրված օրենքները` իրենց մասնագիտական պարտքը կատարող անձինք, այդ թվում` բուժաշխատողները որևէ պարագայում չպետք է թիրախավորվեն: Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Դր. Մայքլ Ռայանն ասում է` ԱՀԿ-ն միանշանակ դատապարտում է ցանկացած հարձակում բուժաշխատողների վրա: «Ունենք հսկողության համակարգ` բոլոր այդ հարձակումներին հետևելու: Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում պատերազմական տարբեր գոտիներում բուժաշխատողների վրա հարձակումներն ավելացել են:Սա միանշանակ հանցագործություն է և պետք է դադարեցվի»,նշում է Ռայանը:
Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Դր. Ջերալդ Ռոկենշաուբը հավելում է` սա միանշանակ դատապարտելի երևույթ է: «Ամեն անգամ, երբ լսում ենք նման դեպքերի մասին Հայաստանի կոնտեքստում, դիմում ենք ԱՀԿ-ի երկրի գրասենյակ, փաստաթղթավորում ենք բոլոր այդ դեպքերը»,ընդգծում է Ռոկենշաուբը:
Հարցի վերաբերյալ հավելում է կատարում նաև Անահիտ Ավանեսյանը: «Ինչպես 2020 թ.-ի, այնպես էլ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ մեր բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների նկատմամբ թիրախավորված հարձակումները փաստագրված են, բոլոր մոնիտորինգային օղակներով այդ ապացույցները ներկայացրել ենք: Վստահ եմ, որ դրանք մաս են կազմելու միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի շրջանակներում: Նման արարքները, որոնք դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին և անգամ պատերազմի օրենքներին, պետք է խստագույնս դատապարտվեն»,-ասում է նախարարը: ԱՀԿ պաշտոնյաներն ընդգծում են` կառույցը պետք է փաստաթղթավորի, քանակավորի և համապատասխան խողովակներով հաղորդի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը: Միջազգային քրեական դատարանում նման գործերին ընթացք տալիս և քննելիս օգտվում են ԱՀԿ-ի փաստաթղթավորած և տրամադրած տեղեկություններից:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում