«Անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից». Չալաբյան
Аналитика«Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինյանի 4,5 տարվա անփառունակ գործունեության արդյունքը ՀՀ վարչապետի պաշտոնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգության ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքը, դաշնակցային հարաբերությունները, բնակչության հայրենասիրական և մարտական ոգին, հայկական սփյուռքի ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունները և կանգնեցրեց մեր երկիրը անխուսափելի կորուստների առջև»։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով, այս կորուստների պատասխանատվությունը Փաշինյանի և նրա մոլի հետևորդների վրա է, սակայն կորուստների ծանրությունը ընկել և շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պետք է կարողանանք ազատվել Փաշինյանի ձախողակ իշխանությունից և նոր էջ բացենք մեր պետության պատմության մեջ, որը թույլ կտա մեզ հեռանկարում հաղթահարել այդ կորուստները և դնել մեր ապագա կեցության և հաղթանակների հիմքերը։
Հասարակական-քաղաքական գործչի կարծիքով, Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։
Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։
«Դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով»,- նշում է Չալաբյանն ու հավելում, թե իրական խնդիրը այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։
Արեգ Մկրտչյան