Որքան խորն է վերքը, այնքան էլ ուժեղ է ոտքի կանգնելու, ցավը թոթափելու և առաջ գնալու ցանկությունը․ Չալաբյան
АналитикаԵրբ մոտիկից ես շփվում արցախյան իրականության հետ, հասկանում ես, թե որքան խորն ու ցավոտ է այդ վերքը, և որքան կամք և տոկունություն է պետք՝ այդպիսի վերքով ապրելու և չհանձնվելու համար: «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավեիտք Չալաբյանն է այս արձանագրումն արել՝ Արցախում շփվելով մեր հայրենակիցների հետ, անձամբ ծանոթանալով ստեղծված իրավիճակին։
Նրա դիտարկմամբ, այսօր Արցախում մեր հայրենակիցները ապրում են՝ շրջապատված թշնամու զորակայաններով և դիտակետներով, Հայաստանին կապող ընդամենը մի ճանապարհով, որը կարող է խզվել ամեն պահի, ռուս խաղաղապահների փխրուն պաշտպանությամբ, որն ամեն պահի ևս կարող է վերանալ, Հայաստանի իշխանություններից եկող հակասական ուղերձներով, որոնք հուսահատությունից ու ցավից բացի ուրիշ ոչ մի բան չեն կարող առաջացնել այս հողի վրա ապրող մարդկանց համար:
«Դրանով հանդերձ, մեզ հանդիպած մարդիկ այստեղ վճռական էին՝ շարունակելու ազատ ապրելու իրավունքի համար իրենց դարավոր պայքարը»,- նշել է Չալաբյանն ու հավելել․ «Ստեփանակերտում և այլուր նաև այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակն է նոր իրականության պայմաններում վերականգնել և նոր շունչ տալ տնտեսությանը, կրթական և մշակույթային նոր հնարավորություններ տրամադրել երիտասարդությանը, ավելի անվտանգ և պաշտպանված դարձնել արցախահայության ամենօրյա կյանքը: Որքան խորն է վերքը, այնքան էլ ուժեղ է ոտքի կանգնելու, ցավը թոթափելու, և առաջ գնալու ցանկությունը»:
Հասարակական-քաղաքական գործչի խոսքով, առաջիկա օրերին, ամիսներին, տարիներին և տասնամյակներին յուրաքանչյուրս մեծ գործ ունի անելու՝ ուժեղացնելու մեր պետությունը, նրա նոր ուժով տեր կանգնելու մեր բոլորի Արցախին, և վերականգնելու մեր միասնական հայրենիքը:
Լինա Արամյան