Գյուղատնտեսական ո՞ր արտադրատեսակների մասով կնվազեցվի ԱԱՀ-ն․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում: Նշվում է, որ Հայաստանում գործող ԱԱՀ-ի դրույքաչափն իր ազդեցությունն է թողնում ձևավորվող սպառողական գների վրա։ Առաջարկվող նախագծով մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների նկատմամբ ՀՀ տարածքում կատարվող գործարքների համար կսահմանվի ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափ: Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ-ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է գների իջեցում շուրջ 4–4,5, արտադրության ծավալների աճ՝ շուրջ 3-3,5, հարկման բազայի ընդլայնում՝ շուրջ 30 տոկոսով, իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ, արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։
Նախագծով առաջարկվող ապրանքների ցանկը կազմվել է մի շարք նկատառումներով: Օրինակ` ցանկում չեն ներառվել այն ապրանքախմբերը, որոնք ունեն ներմուծման մեծ ծավալներ և ներմուծումից ապահովում են բյուջեի զգալի մուտքեր: Օրինակ` թռչնամիսն ունի ինքնաբավության ցածր մակարդակ, իսկ արևադարձային ու մերձարևադարձային պտուղները Հայաստանում հիմնականում չեն արտադրվում։ Միևնույն ժամանակ ցորենը ներառվել է ցանկում՝ հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի դրույքաչափի իջեցումը զգալի ազդեցություն կունենա հացի գների նվազման վրա, որը կարևորվում է ազգաբնակչության սոցիալական և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:
Հացահատիկային մյուս մշակաբույսերը (կերային ցորեն, գարի, աշորա, վարսակ, եգիպտացորեն) ներառվել են ցանկում այն ակնկալիքով, որ նախագծի ընդունման արդյունքում կնվազեն կենդանիների կերերի գները, որն իր ազդեցությունը կթողնի տեղական արտադրության մսի, այդ թվում՝ թռչնամսի և ձվի ինքնարժեքի նվազման վրա: Ցանկում ներառվել է նաև տավարի և խոզի միսը, նկատի ունենալով, որ հավասար մրցակցային պայմանների ապահովման շնորհիվ կսկսեն գործել սպանդանոցները և կապահովվի ազգաբնակչությանն անվտանգ մսի մատակարարումը: Թարմ պտուղ-բանջարեղենի պարագայում ներառված են միայն այն ապրանքախմբերը, որոնք հիմնականում արտադրվում են ՀՀ-ում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում