«2023-ին ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
2023-ի բյուջեն պլանավորվում է այս տարվա դրական միտումների, այս պահի դրությամբ 14 տոկոս տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով 2023 թ. բյուջեի նախագծին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը:
«Եթադրվում է, որ հաջորդ տարի մոտ 7 տոկոս տնտեսական աճ կունենանք, և հենց այդ ենթադրությունների հիման վրա էլ բյուջե է պլանավորվում: Միևնույն ժամանակ, գիտենք, թե այս տարվա ՏԱՑ-ն ինչ գործոններով է պայմանավորված. ՌԴ քաղաքացիների ներհոսք ՀՀ, այդ բազայի վրա պահանջարկի ավելացում, ինչը և բերել է սպառողական ծառայությունների, նաև բանկային համակարգի ակտիվ զարգացման: Այս գործոնների արդյունքում տնտեսական ակտիվություն ունենք: Այսինքն, տնտեսության բուն կառուցվածքի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում, որը կարող էր երաշխիք լինել հետագա տնտեսական աճի համար: Այսօրվա կառուցվածքային փոփոխությունները վաղվա տնտեսական զարգացման հիմքը կարող են դառնալ, որոնք, սակայն, տեղի չեն ունենում: Ինչ վերաբերում է 2023-ի բյուջեի պլանավորմանը, կարծում եմ, որ 2023-ին, մեծ հաշվով, ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու, որովհետև այս տնտեսական ակտիվությունը փաստացի իրավիճակային է, զարգացման շարունակականություն չունի»,ընդգծեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մարդիկ հաջորդ տարի այս տեմպերով Հայաստան չեն գալու:
«Այս բարձր տեմպերով պայմանավորված բազայի վրա տնտեսական աճ պահպանելու երևույթի մենք հաջորդ տարի ականատես չենք լինելու, եթե, իհարկե, մեզ համար ավելի դրական աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներ չլինեն: Մեծ հաշվով, հաջորդ տարվա տնտեսական աճի հավանականությունը շատ փոքր է, ռիսկայնությունը՝ մեծ: Ավելին, հավանական է, որ հաջորդ տարի տնտեսական անկում լինի»,-հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ըստ 2023-ի բյուջեի նախագծի, սպասվում է 2 տրլն 301,3 մլրդ դրամի եկամուտ, բայց ավելի մեծ ծախսեր ու նաև դեֆիցիտ, որը լրացվելու է պետական պարտքը ավելացնելու հաշվին, տնտեսագետը նշեց. «Այստեղ շատ կարևոր նրբություն կա: Մենք գիտենք, որ Հայաստանում արտարժույթի մուտքն էապես ավելացել է, որը բերել է դրամի ուժեղացման: Դրամի ուժեղացման պայմաններում շատ բնական կլիներ, եթե կառավարությունն օգտագործեր այդ հնարավորությունը: Մասնավորապես, խթաներ նոր ոլորտների զարգացումը՝ դրսից նոր մեքենասարքավորումների, հումքի ներմուծման միջոցով: Այս իրավիճակում կարելի է խթանել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, բայց կառավարությունը դա չի անում, որովհետև դրամի արժևորումը պայմաններ է ստեղծում, որ նույն պետական պարտք/ՀՆԱ համադրությունը 60-ից մինչև 51 տոկոս իջեցվի, ինչը ևս արհեստական է ու պայմանավորված է զուտ դրամի ուժեղացմամբ: Երբ դրամն ուժեղանում է, ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը ավտոմատ կերպով փոքրանում է»:
Մեր զրուցակցի խոսքով, երբ դրամն ուժեղանում է, հնարավորություն է ստեղծվում ավելի հեշտ սպասարկել արտաքին պարտքը, որովհետև դրամն ուժեղ է, կարելի է դոլար գնել ու ավելի էժան վճարել: «Մյուս կողմից՝ երբ դրամն ուժեղանում է, հնարավորություն է տալիս ավելի շատ արտաքին պարտք վերցնել, որովհետև 51 տոկոսը փոքր թիվ է, և ՀՆԱ-ի նկատմամբ այն ավելի մեծ մակարդակի կարելի է բարձրացնել: Այդ առումով հնարավորություն է ստեղծվում, բայց մոռանում ենք, որ դրամի ուժեղացումը երկար ժամանակ պահպանելով՝ խաթարում ենք արտահանման հեռանկարը, դժվարացնում արտահանողների կյանքը, նաև վերոնշյալ կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունը:
Մինչդեռ այս պահը հնարավոր էր օգտագործել կառուցվածքային զարգացման և վերափոխման համար, ինչը չի արվում: Արդյունքում, պարզապես իրավիճակային քայլեր են իրականացվում, ինչը վերաբերում է բյուջեի ու դեֆիցիտի պլանավորմանը: Հիմա երևի շատ ոգևորված են, որ փոխարժեքով պայմանավորված՝ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անկում է ապրել, և պարտքային, վարկային միջոցներ վերցնելու հանարավորություն է ստեղծվել: Մինչդեռ, երբ, նույն արհեստական իրավիճակով պայմանավորված, տնտեսությունը սկսի անկում ապրել, դրամը՝ թուլանալ, մենք արտաքին պարտք/ՀՆԱ շատ ավելի բարձր հարաբերակցություն կունենանք»,-նշեց տնտեսագետը՝ շեշտելով, որ նման իրավիճակ կանխատեսում է՝ պայմանավորված այն երևույթով, որ արդեն իսկ մարդկային ներհոսքի գործընթացը դանդաղում, կանգ է առնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում