Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ. Բաքուն դժգոհ է «հակաադրբեջանական քարոզչությունից»
Международные новостиՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է haqqin.az-ը։
Նշվում է, որ «հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն»։
Ասվել է նաև, որ «Իրանի դեսպանատներում Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է»։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։
Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն է հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնությունը։
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններին այն համատեքստում, որ վերջերս Թեհրանը հայտարարել էր, որ Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա՞ կանգնել և պաշտպանել հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ։
«Աճող հռետորաբանություն կա նաև Իրանից դեպի հարևան երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը: Նրանք սպառնում են վերջերս: Նրանք նաև մի հայտարարություն են արել՝ մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար։ Կկարողանա՞ Միացյալ Նահանգները կանգնել և պաշտպանել այդ հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ», - հետաքրքրվել է լրագրողը։
«Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս», - ասել է Փրայսը: