Որոշ շրջանակներ փորձում են տորպեդահարել Ռուբեն Վարդանյանի աշխատանքը
АналитикаԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին մի շարք հրամանագրեր էր ստորագրել նախարարներին պաշտոններից ազատման վերաբերյալ։ Այդ հրամանագրերով՝ Արցախի 11 նախարարներից 9-ը հրաժեշտ էին տվել իրենց պաշտոններին, 5-ը՝ անվերադարձ։
Միայն արդարադատության, արտաքին գործերի քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարաներն էին կրկին նշանակվել պաշտոնակատար, մինչև նոր պաշտոնին նշանակվելը, կամ նրանց փոխարեն փոխարինող գտնելը։
Նախարարներին հեռացնելու որոշումը իրականացրել էր պետնախարար Ռուբեն Վարդանյանի պահանջով։ «Այո, դա դժվար որոշում էր և դա իմ որոշումն էր, քննարկվել է բոլոր նախարարների հետ, ինչ- որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց այս անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել և գնահատում են որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն»,- փաստել էր Ռուբեն Վարդանյանը։
Անցել է գրեթե 12 օր և մինչ այժմ Արցախի կառավարությունը դեռևս վերջնականապես կազմավորված չէ։ Մեր տեղեկություններով՝ կառավարության կազմավորման գործընթացը տորպեդահարվում է, Արցախի որոշ քաղաքական ուժերի և նախագահականի կողմից, ընդ որում, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, Ռուբեն Վարդանյանն արդեն նախարարների գրեթե մեծ մասի համար ունի թեկնածուներ, որոնց մի մասը Արցախից չեն, այնտեղ են տեղափոխվելու թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, բավականին ընդունակ և հայտնի դեմքեր, որոնք կկարողանան լրջագույն բարեփոխումներ իրականացնել Արցախում։
Իհարկե, թեև ոչ հրապարակային, սակայն որոշակի շրջանակների կողմից ընդհանուր ընդվզում կա Ռուբեն Վարդանյանի այս քայլերի դեմ։ Թե՛ նեղ անձնական շահերից ելնելով, թե՛ այսպես «տեղային հայրենասիրությամբ» տոգորված՝ այդ շրջանակներն ամեն ինչ փորձում են անել՝ Ռուբեն Վարդանյանի նշանակումները խոչընդոտելու, կամ էլ Հայաստանից և Սփյուռքից նշանակումների փոխարեն տեղերում իրենց մարդկանց նշանակելու համար։
Փաստն այն է, որ շատերը այս փոփոխություններով զրկվելու են կերակրատաշտին մոտենալու հնարավորությունից, այլևս չեն կարողանալու վատնել Հայաստանից ստացվող միջոցները սեփական կարիքների համար և ստիպված են լինելու համակերպվել կառավարչական բավականին լուրջ հմտություններ ունեցող և իրավիճակը հրաշալի պատկերացնող Ռուբեն Վարդանյանի հետ աշխատանքին։ Եվ հենց սա է պատճառը, որ Վարդանյանի և նրա կողմնակիցների դեմ նաև քարոզչական արշավ է սկսվել մի շարք լրատվամիջոցներով։
Ինքը՝ Վարդանյանը, ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, հստակ հարցը դրել է թե՛ Արցախի նախագահի և թե՛ խորհրդարանի առջև, որ առաջիկա օրերին անպայման քարը փեշից թափեն և համակերպվեն իր ներկայացրած նշանակումների հետ։
Լինա Արամյան