Դիլիջանում կայացավ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ․ հասույթը կուղղվի կրթական ծրագրերի
Культура«X-MAS BAZAAR IN DILIJAN» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում, որտեղ ցուցադրված էին տեղական արտադրանք ներկայացնող շուրջ 25 տաղավարներ: Հայաստանի 3 մարզերը (Տավուշ, Կոտայք, Արարատ) և Երևանը ներկայացնող վարպետների ձեռքի աշխատանքներ (հելունագործություն, շուղագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, զարդագործություն, ատաղձագործություն, կաշվե իրեր), հայտնի ռեստորանների, սրճարանների և սկսնակ հրուշակագործների կողմից պատրաստած համեղ ուտեստներ․ այս ամենը ներկայացված էր ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում, որին մասնակցություն ունեցան Դիլիջան համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները: Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչն է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որը գործում է ավելի քան 8 տարի «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի ցուցահանդես-տոնավաճառի ողջ հասույթն ուղղվելու է Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրի Համայնքային կենտրոնին: «Այն հանդիսանում է Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական կլաստերի նոր նախագիծը, որի նպատակն է խրախուսել շարունակական ուսումնառությունը և ստեղծել հավասար կրթական հնարավորություններ համայնքներում: Այժմ այնտեղ ընթանում են կենտրոնի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նման հաջողված ծրագիր մենք արդեն իրականացրել ենք Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում»,-ասաց Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: 2015 թվականից ցուցահանդես-տոնավաճառը կրում է ամենամյա բնույթ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ ցուցահանդես-տոնավաճառը դարձավ նոր և արդյունավետ համագործակցության հարթակ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող վարպետների և ռեստորատորների համար: Տոնական ողջ օրն ուղեկցվեց Դիլիջանի համայնքային կենտրոնի մշակութային ծրագրով, թատերական, երաժշտական և պարային կատարումներով, տարատեսակ վարպետաց դասերով, տոնական խաղարկություններով և անակնկալ շահումներով: