Ադրբեջանը վախենում է Ռուբեն Վարդանյանի աշխատանքից
АналитикаԱդրբեջանական իշխանություններին իսկական հոգեկան ցնցման է հասցրել Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի աշխատանքը։ Պետնախարարը, որը բավականին լուրջ և արդյունավետ գործ է ծավալում հատկապես այս շրջափակման փուլում, դարձել է ոչ միայն հայաստանյան և արցախյան որոշ շրջանակների աչքի փուշը, տևական ժամանակ նաև Ադրբեջանի։
Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո, օրեր առաջ Ռուբեն Վարդանյանին անդրադարձավ նաև Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Երեկ էլ տարեվերջյան իր ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարարը կրկին առիթը բաց չի թողել հիշելու Ռուբեն Վարդանյանին, հայտարարել, թե Ադրբեջանը երբեք շփումներ չի ունենա Արցախի պետնախարարի հետ՝ նշելով, որ Ադրբեջանը շփումներ ունենում է որոշ բնակիչների հետ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը երբեք շփում չի ունենա Վարդանյանի հետ։ «Ադրբեջանական պետությունը բարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղի էթնիկ հայերն իրավունք ունեն ապրելու Ադրբեջանում և ադրբեջանական պետությունը պատրաստ է ապահովել նրանց իրավունքները»,- ասել է Բայրամովը։
Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ Ռուբեն Վարդանյանի դեմ այս ադրբեջանական արշավը և գրեթե պարբերաբար նրան անդրադառնալը վկայում են պետնախարարից և նրա գործունեությունից ադրբեջանական վախերի մասին և, դա բնավ էլ զուր չէ, պետնախարարը կարճ ժամանակահատվածում ոչ միայն լուրջ փոփոխություններ է իրականացրել Արցախում, կարողացել է կանխել բազմաթիվ բացասական երևույթներ, այլև նաև կարողանում է 18 օր շարունակ զգալի աշխատանք իրականացնել Արցախի բնակիչների կենսապահովումը էքստրեմալ պայմաններում ապահովելու համար։
Մեկ այլ ուղղություն, որտեղ հաջողել է պետնախարարը՝ միջազգային մամուլն է, օգտագործելով իր կապերը, նրան հաջողվել է լուրջ առաջընթաց գրանցել Արցախի հարցի վերաբերյալ միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ։
Արա Սահակյան