Արցախում որոշ ուժայիններ կորցրել են իրականության զգացումը
АналитикаԱրցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի սկանդալային հայտարարությունները հարուցել են ընդհուպ մինչև Արցախի իշխանավորների բուռն զայրույթը։
Հիշեցնենք՝ պետնախարարը հայտարարել էր, թե Արցախի բնակչության մեծ մասը հրաշալի հասկանում է ստեղծված ծանր իրավիճակը և ամեն ինչ անում է օրենքին համապատասխան, սակայն կան որոշ բացասական դեպքեր, որոնք անհնար է անտեսել։ «Չեմ ընդունում, որ մարդ հնարավորություն ունի մի քանի տոննա բենզին փոխանակել ինչ- որ մարդկանց հետ, իր երեխաները և ընտանիքը օգտագործեն դա, քշում են մեքենա, եթե ինքն էդքան լավ տղա է ճարել է այդ բենզինը, պիտի գար շտաբ և ասեր հնարավորություն եմ ունեցել, ճարել եմ, բոլորս մի նավի մեջ ենք»։
Պետնախարարը նշել էր, թե չի ընդունում նաև այն մարդուն, որը հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապարների կամ մեկ ուրիշի հետ՝ ուտելիք բերել ու թանկ գնով վաճառել է քաղաքացիներին։ «Ես չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել այս դժվարությունների ժամանակ»,- նշել էր է պետնախարարը Ռուբեն Վարդանյանը։
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը երեկ ֆեյսբուքյան մի գրառում էր արել։ Մեր ընթերցողներին կարող է թվալ, թե գլխավոր դատախազի մտքով անցել է ստուգել Ռուբեն Վարդանյանի հայտարաությունների իսկությունը, քրեական գործ հարուցել և պատժել մեղավորներին։ Բնավ, առանց անուններ նշելու՝ Գուրգեն Ներսիսյանը, ընդհակառակը, մեղադրանքներ է հնչեցրել հենց պետնախարարի հասցեին։
«Կաշկանդված լինելով հրապարակային խոսքի էթիկական կանոններով ընդամենը կասեմ հետևյալը՝ պետական ծառայությունը ենթադրում է զսպվածություն, խոսքի ու վարքի հանդեպ բարձր պատասխանատվություն, հավասարակշիռ ու կշռադատված խոսք, գիտակցում, որ այն ունակ է առաջացնելու հետևանքներ»,- գրել է գլխավոր դատախազը»։
Եվ ոչ մի բառ Արցախում՝ օրենքները խախտելու, համակեցության ընդհանուր կանոնները խախտելու, շրջափակման մեջ գտնվող և սովի ճիրաններում հայտնված արցախցիների հաշվին հարստացողների նկատմամբ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ըստ էության, կարելի է փաստել, որ Արցախի ուժային և իրավապահ կառույցներում բուռն հակազդեցություն կա Ռուբեն Վարդանյանի գործողություններին, նրանք չեն կարողանում համակերպվել այն իրականության հետ, որ դրսից մարդ է եկել, որն առավել արդյունավետ և կշռադատված քաղաքականություն է վարում և փորձում է ոտքի կանգնեցնել Արցախը՝ թույլ չտալով որոշ արտոնյալների առավել «լկստվել»։
Սերինե Բադալյան