Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի. Զելենսկի
Международные новостиՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը։ Նա ԱՄՆ-ում անցկացվող միջոցառմանը մասնակցել է վիրտուալ կապի միջոցով: Այդ մասին գրում է Variety-ն։
Միջոցառման ժամանակ Զելենսկուն ներկայացրել է հոլիվուդյան օսկարակիր դերասան-ռեժիսոր Շոն Փենը, որը նախորդ նոյեմբերին Կիևում հանդիպել էր Զելենսկու հետ՝ հայտնելու իր աջակցությունը երկրին:
Այնուհետև Զելենսկին ձայնագրված ուղերձով դիմել է ներկաներին:
«Հիմա 2023 թվականն է… Առջևում դեռ մարտեր և արցունքներ կան, բայց հիմա էլ կարող եմ վստահաբար ասել, թե ով էր այս տարի լավագույնը. նրանք ազատ աշխարհի ազատ մարդիկ են: Նրանք, ովքեր համախմբվեցին ազատ ուկրաինացի ժողովրդին աջակցելու շուրջ՝ ազատության համար մեր ընդհանուր պայքարում»:
Ներկաները ծափահարել են։
«Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, սա եռերգություն չէ: Ուկրաինան կկանգնեցնի ռուսական ագրեսիան մեր հողի վրա», - եզրափակել է Զելենսկին։