Արցախի ճգնաժամը ստիպում է նաև դասեր քաղել
АналитикаԱրցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը երեկ այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ։ Աշխատանքային հանդիպումներ է ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ։
Ուշագրավն այն է, որ պետնախարարը նշել է, թե շրջաններ այցի ու բնակչության հետ ուղիղ շփումների նպատակը նրանց տեղեկացնելն է ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղղությամբ օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ապաշրջափակմանն ուղղված քայլերի և միջազգային հանրության արձագանքների մասին։ Փոխարենը, նա՝ հենց ինքն էլ, չափազանց մեծ ուժ է ստանում արցախցիների հետ հանդիպումներից։
«Ամեն անգամ ձեր հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել ու շատ բանի հասնել»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։ Խոսելով ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին՝ պետնախարարը նկատել է, որ, չնայած հսկայական բացասական ազդեցության, դժվարություններին, ճգնաժամը ստիպում է նաև դասեր քաղել, մտածել ոչ միայն այսօր բնակչության կենսական կարիքները ապահովելու, այլև ավելի արդյունավետ ու ռացիոնալ համակարգ կառուցելու միջոցով հետագայի համար հնարավորություններ ստեղծելու մասին։
«Այս նոր իրավիճակում վերանայվում են առաջնահերթությունները, մի շարք ոլորտներ, ինչպիսիք են օրինակ գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը, դառնում են առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Վարդանյանը։ Արցախն, իհարկե, ռազմավարական զգալի պաշար ունի, և այս օրերին հանրությունը՝ շնորհիվ իշխանությունների ձեռնարկած արդյունավետ քայլերի, սովամահ չի լինում, սակայն բազմաթիվ առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ միրգ, բանջարեղեն, չեն առաքվում։
Շրջափակման 48 օրերի ընթացքում գրեթե 15 հազար տոննա մթերք չի առաքվել Արցախ, ինչն էլ լուրջ դժվարություններ է ստեղծել, սակայն ինչպես նշել է պետնախարարը, արցախցին պինդ է, ամուր և մինչև վերջ պայքարելու է իր իրավունքների և իր արժանապատվության համար։
Մինաս Ազատյան